Գլխավոր » 2011»Օգոստոս»10 »
Ցուցահանդես, գիտական կոնֆերանս` «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագրի շրջանակներում
19:24
Ցուցահանդես, գիտական կոնֆերանս` «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագրի շրջանակներում
«Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Ծրագիրն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանում Բրազիլիայի դեսպանության հետ համատեղ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարարության` Ամերիկայի հայ համայնքների վարչության` Հյուսիսային Ամերիկայի հայ համայքների հետ կապերի բաժնի պետ Գայանե Դաբաղյանը, սեպտեմբերի 7-ին Ազգային պատկերասրահում կանցկացվի լուսանկարների ցուցահանդես, որոնք կպատմեն բրազիլահայերի մասին: Գ. Դաբաղյանը նշեց, որ դրանք տարբեր ժամանակների լուսանկարներ են, եւ Հայաստանում առաջին անգամ է նման հավաքածու ներկայացվում:
Նույն օրը կանցկացվի գիտական կոնֆերանսը, որի ժամանակ կներկայացվեն Բրազիլիայում հայերի հետքերի գիտական- վերլուծական ուսումնասիրություններ: Կներկայացվի, թե ինչ հետք է ունեցել Բրազիլիայում ապրող հայ մարդն այդ երկրի մշակութային, կրթական, տնտեսական զարգացումներում: Դա կտա հնարավորություն ունկնդրին հասկանալու, թե որքանով կարեւոր են բրազիլահայերը Բրազիլիայում:
«Նպատակը Բրազիլիայի հայությանը Հայաստանի հայերին ներկայացնելն է: Այսինքն` մենք տեղում ճանաչելի ենք դարձնում Բրազիլիայի հայ համայնքը: Սփյուռքի նախարարության նպատակն է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը: Այս միջոցառումներն ուղղված են դրան»,-ասաց Գ. Դաբաղյանը:
Բրազիլիայից Հայաստան կժամանեն պրոֆեսորներ Սոսի Ամիրալյանը, Ջեյմս Օնիկ Թամջյանը: Կոնֆերանսին նրանք հանդես կգան առանձին զեկուցումներով: Միջոցառումները նվիրված են Հայաստանի եւ Բրազիլիայի անկախության տոներին:
Նախատեսվում է հրատարակել «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիրքը, որում կլինեն հատվածներ կոնֆերանսի զեկույցներից, ինչպես նաեւ առանձին ուսումնասիրություններ, լուսանկարներ: Արդեն պատրաստ է գրքի էլեկտրոնային տարբերակը: Այն կհրատարակվի հոկտեմբերին: