Հայոց մեծ եղեռնին և քրիստոնեական հարության տոնին նվիրված` «Նարեկացի» արվեստի միությունում բացված ցուցահանդեսը այսօր կրկին ներկայացվում էր հանրության դատին:
Այսօր արվեստագետին և հանդիսատեսին պակասում է ազատ շփումը,- նշում է «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Ըստ նրա` այսպիսի ցուցադրությունները նպատակաուղղված են այդ շփումները ավելի սերտ դարձնելուն:
«Մեր օրերում արվեստագետին ավելի շատ պակասում է կենդանի շփումը իր հանդիսատեսի հետ, մենք կարևորում ենք առողջ երկխոսությունը երկու կողմերի միջև»,- նշեց Նաիրա Կարապետյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին Արմեն Խոջոյանի, Նինա Կարապետյանի, Սևան Նաղաշյանի, Տիգրան Ասատրյանի, Զարուհի Թովմասյանի, Հովնան Սարգսյանի աշխատանքները:
Մասնակիցներից նկարչուհի Նինա Կարապետյանը իր նկարներում պատկերել է ավելի շատ լույս և կյանքի նկատմամբ հավատ: Ինչպես ինքն է ասում` չնայած ցուցահանդեսը տխուր թեմայով է կազմակերպված, սակայն պետք է լուսավոր ապագայի հույսը միշտ վառ պահել: