Երեւանում հոկտեմբերի 1-10-ը կանցկացվի «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոն: Այն իրականացնում են «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը' ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնն անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, հետաքրքիր միջոցառումներով բավական հագեցած օրեր են սպասվում: Մասնակցելու են բազմաթիվ հրատարակիչներ, գրողներ, արվեստագետներ, նկարիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից եւ այլ երկրներից: «Փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, եւ այս տարի, նախորդի համեմատ, ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը»,-ասաց Ռ. Տոնոյանը: Փառատոնն անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ:
Միջազգային փառատոնը մեկնարկելու է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, այնուհետեւ շարունակությունը կլինի Ազատության հրապարակում, որտեղ կանցկացվի փառատոնի առանցքային միջոցառումը' գրքի մեծ ցուցահանդես-վաճառք: Հանրապետության, ինչպես նաեւ այլ երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հրատարակիչներ այդ օրերին կներկայացնեն իրենց վերջին տարիների գրքային հավաքածուները:
Ռ. Տոնոյանի խոսքով' փառատոնի ծրագիրը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ եւ ակցիաներ: Ակտիվ մասնակցություն են ունենալու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները: Առանձին օրեր նվիրված կլինեն տարբեր երկրների մշակույթներին: Նախատեսվում է կազմակերպել «Հեքիաթի դեսպանները» խորագրով հեքիաթների ընթերցանության շարք' ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ, բացօթյա' գրադարանին կից տարածքում, կցուցադրվեն համաշխարհային արվեստին նվիրված լավագույն ֆիլմերը: Կկազմակերպվեն նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ: Կիրականացվեն մի քանի բացօթյա այլ ակցիաներ:
Գրադարանի տնօրենը նշեց, որ այժմ երիտասարդների շրջանում անցկացվում է գրական արձակ ստեղծագործությունների մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն փառատոնի օրերին: «Մրցույթը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Բազմաթիվ ստեղծագործություններ ենք արդեն ստացել, որոնց շարքում բավական հետաքրքիր աշխատանքներ կան»,-ասաց Ռ. Տոնոյանը: Մրցույթի արդյունքները ամփոփվելուց հետո լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն առանձին գրքով:
«Նման միջոցառումներով ցանկանում ենք մեկ անգամ եւս կարեւորել գիրքն ու ընթերցանությունը: Կարծում եմ' մեզ կհաջողվի այդ օրերին Երեւանում կազմակերպել իսկական գրքի տոն»,-ասաց նա:
Նախատեսվում է նաեւ անցկացնել սեմինար-քննարկումներ գրքի, ընթերցանության, գրողների, հրատարակիչների գրադարանների վերաբերյալ, ինչպես նաեւ առանձին սեմինար' գրատպության պատմության մասին: Ռ. Տոնոյանը նշեց, որ ակտիվ մասնակցություն են ապահովելու նաեւ մարզերը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661326/
|