Ավանդական արհեստների սիրահարներին Էջմիածինը հրավիրում է «Հայ միասնության խաչ» կազմակերպություն: Այստեղ, երիտասարդ գորգագործուհիների մատների տակ, ոչխարի բրդի յոթ երանգների համադրությունից ծնունդ են առնում հայ ժամանակակից գորգարվեստում իր նոր խոսքը բերած էկո գորգերը:
Թելի ստացումից սկսած մինչև պատրաստի ապրանք, գործընթացը կատարվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման: Թելը ստանում են ավանդական եղանակով. նախ աղբն առանձնացնում են բրդից, սանդերքի միջոցով գզում, տարանջատում գույները, ապա մանում ճախարակով կամ իլիկով, իսկ վերջում անխառն ու բնական գույներից գորգ ստանում:
Ի տարբերություն կենցաղում օգտագործվող գորգերի, էկո ապրանքատեսակը քիմիական մշակման չի ենթարկվում, զերծ է գունային հավելումներից և հանգստացնող ազդեցություն է գործում նույնիսկ վիզուալ իմաստով:
Սոցիալ-կրթական այս ծրագիրը Հայ միասնության խաչն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ, որում ներգրավված է նաև «Արամազդ» զարգացման ծրագիրը: «Արամազդի» ֆինանսավորմամբ վերջերս բացառիկ ցուցադրություն էր կազմակերպվել`ավանդական արվեստների սիրահարներին ներկայացնելով էկոլոգիապես մաքուր գորգերը:
Էկո գորգերի գաղափարը ՀՄԽ-ի ղեկավար Գրիգոր Բաբախանյանինն է, իսկ էսքիզների հեղինակը` գեղանկարիչ եղբայրն է` Գևորգ Բաբախանյանը: Թե եղբայրները, թե գորգագործները առանձնահատուկ տեղ են հատկացնում էկո ապրանքատեսակին: «Էկո գորգեր են գործել նաև մեր նախնիները: Այդ հինն ու նորը հիմա միացնում ենք և հայկական գորգագործությունը բարձրացնում նոր մակարդակի վրա»,-ասաց «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի ներկայացուցիչ Զառա Աղամյանը`վստահ լինելով, որ այն, ինչ անում են`նոր ուղղություն է գորգարվեստում: Աղամյանը նաև վստահ է, որ քիմիական միջամտության չենթարկված գորգերը առողջարար են. «Դրանք հումքը, որ ստացվում է լեռնային ոչխարների բրդից, մարդու առողջությանը նպաստող լանոյլին է պարունակում»: Դրանք հեշտ կիրառելի են նաև կենցաղում, լվանալուց չեն գունաթափվում և չեն խամրում:
Ծրագիրը կյանքի է կոչվելու նաև փախստականներով բնակեցված Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Հեղինակները նպատակ ունեն Ամասիայի, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաննում աշխատանքով ապահովել տարեց կանանց, ինչն էլ կնպաստի համայքների աշխույժացմանն ու հնարավոր զարգացմանը: Շահառուները հիմնականում թոշակային տարիքի կանայք են լինելու, որոնք հաճելին զուգակցելու են օգտակարի հետ : Նրանց, նույնիսկ ծերության տարիներին հնարավորություն է տրվելու սեփական աշխատանքով ֆինանսապես նպաստել իրենց տնտեսությանը: «Տանը նստած`կաշխատեն: ԵՎ չեն ձանձրանա, և` գումար կաշխատեն: Կվարձատրվի և գզողը, և թելը մանողը և`գորգագործը: Գորգերը կվաճառվեն ցուցահանդես-վաճառքում: Շահույթի մի մասը կօգտագործվի ծրագիրը շարունակելու մեջ, իսկ մյուս մասը կուղղվի նույն համայքի սոցիալական ծրագրերի իրականացմանը»,- ներկայացրեց «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
Բայց, մինչ ծրագիրը մուտք կգործի փախստանաբանկ մարզեր և կաշխույժացնի տարեց գորգագործուհիներին, Էջմիածնում, նրանց երիտասարդ գործընկերներն արդեն 30-ից ավել պարտաստի արտադրանք են թողարկել: Իրենց համարելով ոչ միայն նախատատերի գործը շարունակողներ, գորգագործուհիները կարևորում են նաև դեպի էկո միջավայր գնալու իրենց փորձը: Աշխատել են այնպես, որ ստեղծագործություններում գորգանախշերն ու պատկերներն իրար չկրկնեն: Բացի ավանդական նախշերից, էկո գորգերը ձևավորել են նաև 5-15-րդ դարերի վանքերից ու խաչքարերց վերցրած զարդաքանդակներով, ինչպես նաև` Ավետարանից վերցրած պատկերներով:
Հայկուշ Ասլանյան
Աղբյուր`http://noratert.am/news/id/6620.html