Գլխավոր » 2011»Օգոստոս»10 »
Էրիկի մրցանակն ամենագնահատելին էր. վստահ են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը
18:13
Էրիկի մրցանակն ամենագնահատելին էր. վստահ են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը
Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացված երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2011» մրցույթին Հայաստանը ներկայացնող Էրիկի` հանդիսատեսի համակրանքին արժանանալը Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի էստրադային, ջազային ամբիոնի պարծանքն է: Նման գնահատական տվեցին ամբիոնի վարիչ, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը և նվագախմբի դիրիժոր, Մարտին Վարդազարյանն այսօր հրավիրված ասուլիսում:
Էրիկը և նախորդ տարի նույն մրցույթում հաղթող ճանաչված Սոնա Շահգելդյանն ամբիոնի ուսանողներ են: Մարտին Վարդազարյանը վստահություն հայտնեց, որ ամբիոնի աշխատանքն իր դրական արդյունքն է տալիս:
Նա Էրիկին առանձնահատուկ անհատականություն է համարում` հետաքրքիր ձայնային տվյալներով: Մարտին Վարդազարյանը կարծում է, որ Էրիկն արժանացել է ամենագնահատելի մրցանակին, որը հանդիսատեսի վերաբերմունքի դրսևորումն է: Նրա գնահատմամբ` Էրիկի կատարողականը բարձր մակարդակի վրա էր: Նման մրցույթներում հաղթելը Հայաստանին տալիս է ճանաչում, բարձր է պահում երկրի և արվեստագետների պատիվը: «Այս հաղթանակը ցույց տվեց, որ երկրում երաժշտարվեստի զարգացման ընթացքի դեմ կանգ առնել հնարավոր չէ»,- նշեց Մարտին Վարդազարյանը:
Երվանդ Երզնկյանը ևս Էրիկին առանձնահատուկ է վերաբերվում: Նա մրցույթից դժգոհ չէ, սակայն կարծում է, որ սուբյեկտիվիզմը միշտ խաղում է իր դերը: Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանն ապացուցեց, որ «Էրիկը լավ երգիչ է, անհատականություն է», և մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում:
Մաեստրոները մտավախություն չունեն, որ Էրիկը, ստանալով բազմաթիվ առաջարկություններ, կսկսի հանդես գալ ռուսական էստրադայում: Նրանք միակարծիք են` որտեղ էլ հրավիրեն, Էրիկը կներկայանա որպես հայ երգիչ: