Երեկ Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտվեց «Նոր ալիք-2011» (Новая волна-2011) ամենամյա երգի մրցույթը։ Հայաստանն այս տարի մրցույթին ներկայացնում էր երգիչ Էրիկ Կարապետյանը: Հուլիսի 26-ին մեկնարկած մրցույթին Էրիկը մրցութային երկու օրերի արդյունքներով զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը: Իր ելույթից և միավորների հայտարարումից հետո նա 335 միավորով կիսեց առաջին հորիզոնականը Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Grizz-Lee-ի հետ: Սակայն մրցույթի երրորդ փուլի արդյունքում նա նույն ներկայացուցչի հետ կիսեց 5-րդ տեղը։
Մրցույթի հաղթեց ամերիկացի Ջեյդեն Ֆելդերը` 341 միավորով և ստացավ 50 000 եվրո մրցանակ։ Ռուսական էստրադայի «պրիմադոննա» Ալլա Պուգաչովան «տուփիկում մի կտոր իր սրտից» և 50 000 եվրո հանձնեց Ֆինլանդիայից «Flute of Shame» խմբին: Երկրորդ տեղն զբաղեցրեց ուկրաինուհի Մաշա Սոբկոն, ով ստացավ 30 000 եվրո։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ռուսաստանյան «Н.А.О.М.И » խումբը, որ ստացավ 20 000 եվրո:
Մրցույթին մրցակցում էին 14 երկրների՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Բրազիլիայի, Ղրղըզստանի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Լատվայի, Լիտվայի, Տոգոյի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները (վերջին երկու երկրներից` 2-ական մասնակից)։ Բոլորը մասնակցության դիպլոմներ ստացան։
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողի՝ «Ադամանդե ալիք» մրցանակը ստացավ Էրիկը. այս մրցանակը տրվում է ամենաշատ SMS-ներ հավաքողին։
Յուրմալայի քաղաքապետի կողմից մրցանակներ ստացան «Flute of Shame» խումբը, որը երրորդ փուլում ժյուրիից ստացել էր ամենաբարձր գնահատականը, և «Ալաո» դուետը Ղազախստանից: Վալենտին Յուդաշկինի մրցանակը լավագույն բեմական հագուստի համար ստացավ ոճաբան Ալինա Գերմանը, ով պատրաստել էր «Н.А.О.М.И» խմբի հագուստը։ «Ապագան կախված է քեզնից» և «Ավտո ռադիոյի» մրցանակները ստացավ Անդրեյ Grizz-Lee-ին Ռուսաստանից։ «Արս» պրոդյուսերական կազմակերպության անվճար հեռարձակման մրցանակները ստացան Մաշա Սոբկոն, Կոլյա Սերգան և Անդրեյ Գրիզլին։
Մրցույթը վարում էին Կսենիա Սոբչակն ու Իվան Դորնը։ Ժյուրիի կազմում էին Լայմա Վայկուլեն, Մաքսիմ Ֆադեևը, Յուրի Անտոնովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան, Վալերի և Կոնստնատին Միլաձեները և Ֆիլիպ Կիրկորովը և ժյուրիի համանախագահներ Ռեյմոնդ Պաուլսը և Իգոր Կրուտոյը։
Մրցույթն սկսվեց և ավարտվեց համերգով, որին մասնակցում էին փոփ աստղեր և խմբեր։
Հիշեցնենք, որ տարբեր տարիներին Հայաստանն այս մրցույթին ներկայացրել են Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը, իսկ 2010թ. «Նոր ալիք»-ի հաղթող ճանաչվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Աղբյուր`http://1lur.am/am/?p=39323
|