Aysor-ը հարցումով դիմել էր Երևանի քաղաքապետարան` պարզելու, թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում, ի՞նչ պայմաններով և ի՞նչ սկզբունքների հիման վրա են մայրաքաղաքում տեղադրվում արտաքին գովազդների վահանակները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից ի պատասխան հարցմանը, տեղեկացրեցին… մեղմ ասած` «Կարգի համաձայն» ու թվարկեցին դրանք։
Ի՞նչ սկզբունքով է ընտրվում վահանակների տեղադրման հեռավորությունը: Կախված փողոցի երկարությունից` քանի՞ վահանակ կարելի է տեղադրել հարցին պատասխանելով` քաղաքապետարանից հայտնում են, թե գովազդային մակերեսին տեղադրվող գովազդները, համաձայն գովազդակիրների և գովազդատուների միջև կնքված պայմանագրերի, կարող են տեղադրվել նույն բովանդակության և բնույթի գովազդներ, եթե գովազդատուն նպատակահարմար է գտնում ունենալ մեկ փողոցի վրա նույն գովազդը, ինչի վառ ապացույցն է օրինակ Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը, Կիևյան կամուրջը և այլ փողոցներ, որոնցում ամենաշատը 2 մետրը մեկ տեղադրված են միևնույն ընկերության միևնույն գովազդային վահանակները:
Գովազդային վահանակները, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման իրավունքով տրամադրվում են իրավաբանական անձանց, և մեկ փողոցի երկարությամբ կարող են ունենալ մի քանի վահանակ:
Ինչ վերաբերում է հարցին, թե նույն կազմակերպությունն իրեն հատկացված տարածքում նույն բովանդակությամբ քանի՞ վահանակ կարող է տեղադրել: Նվազագույնից առավելագույնը որքա՞ն ժամկետով կազմակերպությունը կարող է վարձակալել վահանակների տեղադրման տարածքը և որքա՞ն գումարով(գումարը տրվում է մեկ վահանակի՞, թե՞ ընդհանուր տարածքի համար), քաղաքապետարանից պատասխել են, թե գովազդային մակերեսից գանձվող գումարների դրույքաչափերը սահմանվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով և Երևան քաղաքի ավագանու 26.11.2010թ. «Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների 2011 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումով։
Ի՞նչ սկզբունքով է որոշվում վահանակների չափսը, գույնը, ձևը, տառատեսակը` իր չափով հարցի պատասխանը հետևյալն է, որ գովազդային վահանակների չափի ընտրությունը կամայական է և կախված է գովազդատուի ցանկությունից և ընտրությունից՝ համապատասխան տվյալ տարածքում գտնվող գովազդային վահանակների չափերից։ Քաղաքապետարանի տված պատասխանից, ի դեպ, կարելի է ենթադրել, որ ինչպես ասում են «փողին մուննաթ», այսինքն` գովազդ պատվիրող ընկերությունը որքան գումար տա, այնքան էլ տարածք, վահանակի չափի թույլտվություն կստանա:
Ու թեև պարզվում է, որ գովազդային նյութերի ուրվանկարները մինչ տեղադրվելը ներկայացվում են համաձայնեցման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն, առվել քան ակնհայտ է, որ քաղաքի դիզայնը հեչ իր տեղում չէ։
Իսկ քաղաքի գլխավոր դիզայները դեռ իր խնդրանքի ոլորտում է` «Ժամանակ տվեք. Մի անհանգստացրեք»։
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/06/22/yerevan-meria/
|