Գլխավոր » 2011»Հունիս»21 »
Երևանի «Նաիրի» կինոթատրոնը կվերսկսի ֆիլմերի ցուցադրությունը սեպտեմբերից
21:16
Երևանի «Նաիրի» կինոթատրոնը կվերսկսի ֆիլմերի ցուցադրությունը սեպտեմբերից
Երևանի «Նաիրի» կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրությունը կարող է վերսկսվել սեպտեմբերին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունյանը։
Մայրաքաղաքի ամենահին «Նաիրի» կինոթատրոնը մի քանի ամիս առաջ նոր սեփականատիրոջ է վաճառվել և դադարել է գործել, սակայն օրերս կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտնել է, որ Ազգային կինոկենտրոնը մտադիր է կինոթատրոնի ղեկավարության հետ պայմանագիր ստորագրել կինոդահլիճի անվճար տրամադրման մասին, ինչը թույլ կտա, որ կինոթատրոնը մասամբ գործի։
«Կրթության և գիտության նախարարության հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ցուցադրության հարցում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, և այսօր մենք վերջնականապես կհստակեցնենք այդ հարցը Երևանի քաղաքապետարանի հետ։ Նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել»,- ասաց Բագրատունյանը։
Նա նշեց նաև, որ ներկայում կինոկենտրոնը պատրաստում է կինոցուցադրությունների փաթեթ, որը բաղկացած կլինի երեք բաժնից՝ մանկական (դպրոցական) ծրագրեր, հայկական ժամանակակից ֆիլմեր և արտասահմանյան կինո։
Բացի այդ, Բագրատունյանի խոսքով, ծրագրվում է նաև դպրոցականների համար կինոթատրոնի հաճախման բաժանորդագրում ստեղծել։
«Նաիրի» կինոթատրոնը Երևանի ամենահին կինոթատրոնն է, 1920-1950 թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում, որտեղ այժմ Հայաստանի ԱԳՆ-ի շենքն է։ Այստեղ է ցուցադրվել առաջին հայկական ֆիլմը՝ «Զարեհը»։ 1952 թվականին կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում գտնվող նոր շենք, որտեղ և գործում էր մինչև վերջին ժամանակները։