Ամառն ու ջազը` Երևանի Ազատության հրապարակում: Օգոստոսի 26-28-ը կանցկացվի երաժշտական միջազգային փառատոն, որի շրջանակներում ռոք և ջազ-ռոք երաժտությունը ներկայացնող 12 խմբեր` Գերմանիայից, Դանիայից, Իտալիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից և Հայաստանից իրենց ձեռագիրն ու բարձր կատարողականությունը կցուցադրեն հայ հանդիսատեսին:
Փառատոնի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փառատոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. «Ուզում ենք Երևանը դառնա լավ, իսկական երաժշտության քաղաք, փառատոնների հարուստ մշակութային քաղաք: Քաղաքապետարանը ողջունեց մեր նախաձեռնությունը և աջակցեց»:
«Աջակցեց, բայց ոչ ֆինանսապես»,- նշեց Վ. Գրիգորյանը և հավելեց, որ բոլոր ծախսերը հոգում են իրենք. «Ծախսերը դեռ ավարտված չեն ու եթե պետք լինի, տունս էլ կծախեմ, որպեսզի լավ ու որակով համերգներ լինեն»:
Փառատոնային յուրաքանչյուր օր ելույթ կունենա 4 խումբ` 40-45 րոպե տևողությամբ: Հայաստանից փառատոնին մասնակցում են «Բամբիռ» և «Դոգմա» խմբերը:
Թե ինչ սկբունքով են ընտրվել հենց այդ երկուսը, «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Նարեկ բաարսեղյանը չգիտի. «Գուցե ոճային առանձնահատկություններով, չգիտեմ, փառատոնի կազմակերպիչներն են որոշում» և ավելացրեց, որ իրենք մեծ ոգևորությամբ են ընդունել հրավերն ու ելույթ են ունենալու նույն կերպ:
Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ փառատոնի հավակնում է դառնալ ամենամյա: Իսկ մինչ այդ, բոլորին կոչ է անում այդ օրերին ոչինչ չծրագրել և ներկա գտնվել հայաստանյան մշակութային կյանքի, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկին: Մուտքն ազատ է լինելու, իսկ տարածքը, մինչև համերգի սկիզբը`19:00-ն, վերածվելու է հաճելի հանգստի գոտու` բարձրաճաշակ թեթև երաժշտություն և շփում երաժիշտների հետ:
Ի դեպ, նշենք, որ այս օրերին նմանատիպ ջազ փառատոն` «Джаз в саду Эрмитаж» անցկացվում էր Ռուսաստանում:
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/24/music-festival/
|