Այս օրերին Երևանում ընթացքի մեջ է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը, որի կազմակերպիչը Հայաստանի Արվեստի քննադատների ասոցիացիան է (AICA Հայաստան): Դպրոցը մեկնարկել է հուլիսի 25-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը: Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը նշեց, որ միջոցառման շրջանակներում կայանում են ինչպես դասախոսություններ, այնպես էլ քննարկումներ, պրեզենտացիաներ, կոլեկտիվ ընթերցանություններ, ինչպես նաև այցելություններ Երևանի մշակութային հաստատություններ: Ամառային դպրոցի համակարգող, AICA անդամ Անժելա Հարությունյանը իր հերթին նշեց, որ դպրոցի նպատակներից մեկը արվեստը տնտեսական և քաղաքական դաշտ տեղափոխելն է:
Արվեստի քննադատ, Ալեքսանդրիայի ժամանակակից արվեստի ֆորումի տնօրեն Բասսամ էլ Բարոնին նշեց, որ ամբողջ աշխարհում, այսօր քննադատական մտքի պակաս կա, և այս դպրոցը կարող է օգնել արվեստը հասկանալուն: Նա դպրոցում կարդացել է գեղարվեստի և փորձարարական արվեստի տարբերությունների մասին դասախոսություն:
Կազմակերպիչների կարծիքով, այն տարեց տարի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Դպրոցի արդյունքում հայ արվեստաբանները կապեր են ստեղծում օտարազգի գործընկերների հետ, դպրոցից դուրս նախագծեր են ստեղծվում, իսկ բացասական կողմն այն է, որ արդյունքում չկա հանրային ազդեցություն: 6 տարիների ընթացքում դպրոցին մասնակցել են 150 հոգի 35 երկրներից:
Յուրաքանչյուր տարի միջազգային մասնակիցների թիվը կազմում է 10-12 հոգի, իսկ հայ մասնագետների թիվը` 4-5:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75332/
|