Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը կանցկացնի ավանդական դարձած Երեւանյան միջազգային 5-րդ երաժշտական փառատոնը: Այն կանցկացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը, փառատոնին կմասնակցեն այնպիսի հիանալի մենակատարներ, ինչպիսիք են'Դայշին Կոշիմոտոն, Դիմութ Պոպենը, Կոնստանտին Լիպշիցը, Էշլի Վոզը, Կլաուդիո Բորխեսը, Փոլ Մայերը, Վահան Մարտիրոսյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Կլաուդիա Վանդելին եւ այլք: Դ. Թերզյանը կարեւորեց այն հանգամանքը, որ այս տարվա փառատոնը կնվիրվի ՀՀ անկախության 20 եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին: «Այսպիսով' փառատոնն այս տարի կլինի հոբելյանական' բոլոր առումներով»,- ասաց նա' հավելելով, որ այս տարվա փառատոնին եւս կլինեն բացառիկ հյուրեր: «Կաշխատենք, որ կամերային համերգների քանակն ավելի շատ լինի»,- վստահեցրեց նա:
Այս տարի ուշադրություն է դարձվելու, որ հանրահայտ երաժիշտներն անպայմանորեն անցկացնեն վարպետության դասեր, որպեսզի երիտասարդ երաժիշտները կարողանան նոր տեղեկություններ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանն ու Ալեքսանդր Չաուշյանը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660280/
|