Հինգշաբթի, 12.12.2024, 01:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Երկու Լիանա
17:39
Երկու Լիանա
 Երկու Լիանա
Գրադարանի սպասարկման բաժնում անակնկալ հանդիպում Լական փնտրող՝ կուպրի պես սեւ մազերով, մանուշակագույն, գնալով թանձր, թունավոր թանաքի երանգներ ունեցող կապույտ զգեստով աղջկան. նույն գիշատչի անհանգիստ, տաք աչքերը, իտալական արեւից թխացած մաշկը: Բարեւ, Լիան: Մեկ տարի առաջ էր` այս օրերին, որ հանդիպել էինք, էլի եկել էիր ամառային արձակուրդդ Հայաստանում անցկացնելու, իմ գործերից կարդացել էի քեզ մի բան, հետո նկարներդ փաթաթել էինք գազարագույն՝ հին սավանի մեջ ու տեղափոխել ամառանոց, որտեղ խնամքով պահում եմ էնքան, ինչքան որ քեզ պետք է:

Ես Լական եմ փնտրում, ինձ Լականի գրքերից է պետք, բայց գրադարանում չեմ գտնում, կարծես թե չկա,- ասում է Լիանան: Մեր գրադարաններում Լականի առանձին գրքերից համարյա թե չեն լինում, գուցե այլ տեղերում պետք է փնտրել, հարցնել հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ հետաքրքրվող մարդկանց: Շոգ է, գնանք սուրճ խմելու, գնանք զրուցելու: Եվ մենք գնում ենք:

Աբովյան փողոցով բարձրանում ենք Դրամատիկական թատրոնի մոտ, նստում սեւ սրճարանում: Ասում եմ, որ տեսել եմ իր այդքան սիրելի Միլանը, որ վախեցրեց ինձ իր չափերով ու տարբեր գույների մարդկանց անդադար հոսքերով, ու որ ես չէի ապրի Միլանում: Լիանայի աչքերը պսպղում են, մի քանի իտալերեն ժիր նախադասություններ է նետում` պաշտում եմ Միլանը, Միլանի խելագար ռիթմը, կոլորիտը, միլանցիներին:

Խնդրում եմ նրան մի փոքր պատմել Միլանի իր առօրյա կյանքից, իր նոր ստեղծագործություններից: Նյարդայնանում է: Չեմ սիրում նման բաներ, ո՞ւմ է այստեղ պետք իմ պատմածը՝ ո՞նց եմ ապրում, ի՞նչով եմ զբաղվում: Ծիծաղում ենք: Չորս տարի առաջ Լիանա Ղուկասյան անուն-ազգանունով նկարչուհի մի աղջիկ Թերլեմեզյանը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, առանց կողմնակի օգնության, ինքն իրեն կրկնելով «երազում ես` հավատա», պարզապես որոշեց, որ ժամանակն է գրավելու աշխարհը, որ պետք է մեկնի Կարավաջոյի, Տիցիանի, Ջիոտոյի սքանչելի հայրենիք` Իտալիա,  շարունակի ուսումը, սեփական աչքերով տեսնի մարդկության կողմից ստեղծված արվեստի գլուխգործոցները եւ ի վերջո Մուսոլինիի օրոք կառուցված Վիտտորիա Կոլոննա 52 հասցեում գտնվող շենքի պատշգամբում անդադար նկարի իր նոր կտավները:

Ես ամեն օր զարթնում եմ առավոտյան ժամը 5:45-ին, բացում եմ պատուհանի շերտավարագույրը, դիմավորում օրվա լույսը, միացնում եմ ռադիոն, հայելու առջեւ պտտվում եմ, ուտում եմ իմ ավանդական առանց մրգերի յոգուրտը, խմում եմ մի բաժակ մոկա: Ինձ հետ ապրում է իտալացի մի խենթուկ աղջիկ` Կիարան, որ աշխատում է Միլանի միակ խանութում, որտեղ արգենտինական տանգոյի կոշիկներ են վաճառվում: Ես զգեստների մեծ սիրահար եմ, համարյա բոլոր զգեստներս ինքս եմ ձեռքով կարում:

Առավոտյան հագնելու զգեստս միշտ երեկոյան կախում եմ Պազոլինիի թվի մի հին կոմոդի բռնակից եւ առավոտյան կոմոդի բռնակից վերցնելով զգեստս ու հագնելով, ուսիս գցելով պայուսակս, դուրս եմ գալիս տնից ու մետրոյով հասնում Միլանի Բրերայի անվան Գեղարվեստի պետական ակադեմիա, որտեղ ողջ օրը սովորում եմ ու նկարում: Ես Բրերայի լավագույն ուսանողներից եմ, կրթաթոշակ եմ ստանում:

Վերջին գործս, որ նկարել եմ, կոչվում է «Երկու Լիանա»՝ երկու աղջիկ, երկու կին, մեկի մեջ ու մեկից դուրս, երկու երկատված Լիանա, լրիվ նման ու լրիվ տարբեր, երկուսի ոգու ներաշխարհի ծածուկ որոնումներն եմ փնտրում: Ես էլ երբեք հետ չեմ գա Միլանից այստեղ ապրելու, որովհետեւ այստեղ ապրելու կենցաղը, առօրյան, զարգանալու հնարավորությունները  պարզապես անհարմար են: Շատ էի կարոտել տատիկիս ու պապիկիս: Շուտով արձակուրդս կվերջանա, ես նորից կվերադառնամ Միլան:

Մատուցողը մեր ֆրապեների դատարկ բաժակներն արդեն հավաքում է: Այդպես էլ զրույցը չստացվեց, չստացվեց Լիանայի նկարչության շուրջ` լուրջ, խորը թափանցող մի զրույց, եւ ո՞վ ասաց, որ Միլան քաղաքի խելագար տեմպով ապրող, Բրերայի ակադեմիայում սովորող ու ստեղծագործող այս երիտասարդ արվեստագետի աննշան թվացող առօրյան չէ, որ մղում է նրան ստեղծելու ու բացահայտելու նոր աշխարհներ՝ արարելով տաղանդավոր նկարներ:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/04/erku-liana/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 857 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0