Տարբեր կրոնական կազմակերպությունների հարցում Հայ առաքելական եկեղեցու բացթողումն այն էր, որ երկրում անկախության հռչակումից հետո առաքելական եկեղեցին ի վիճակի չէր ամբողջությամբ իրականացնել իր գործառույթները եւ Հայաստանում առաջացավ քարոզչության սակավություն: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած ասուլիսում հայտարարել է Եսայի քահանա Արթենյանը` հավելելով, որ հենց դա է երկրում աղանդների ուժեղացման պատճառը:
Սակայն, քահանայի խոսքով, Հայ առաքելական եկեղեցին նման խնդիր չի դնում. «Այսօր ցանկացած մարդ կարող է գալ եւ քարոզ լսել, եկեղեցիները բաց են այցելուների առջեւ: Եկեղեցին մեղավոր չէ Հայաստանում աղանդների տարածման մեջ: Հայ առաքելական եկեղեցին չի հարկադրում մարդուն գալ եկեղեցի, մարդն ինքն է անում իր ընտրությունը, եւ ինքն է ընտրում իր հոգու փրկության ուղին»:
Ինչ վերաբերվում է «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրինագծին, ապա քահանայի կարծիքով, պետք չէ օրենքներ ընդունել միայն Եվրոպային դուր գալու համար. «Հետեւելով «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրինագծի մշակման գործընթացին` տպավորություն է ստեղծվում, որ հեղինակների նպատակը ոչ թե առողջական մթնոլորտի ստեղծումն է, այլ Եվրոպային դուր գալու ցանկությունը: Սակայն, եթե օրինակ է ծառայում Եվրոպան եւ մենք փոխառում ենք եվրոպական օրենքներ, ապա թող հեղինակները օգտվեն խղճի եւ դավանանքի ազատության վերաբերյալ եվրոպական օրենքների բոլոր կետերից»:
Ընդ որում քահանան նշել է, որ «Խղճի եւ կրոնի ազատության մասին» նոր օրինագիծը աննշան քայլ է դեպի առաջ:
Արթենյան քահանայի խոսքով, շատ իրավապաշտպաններ խոսում են կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանության մասին, աղմուկ են բարձրացնում այդ հարցի շուրջ, նույնիսկ հասնում են ծայրահեղության` Հայ առաքելական եկեղեցուն անվանելով աղանդ: «Իսկ ո՞վ է հոգ տանում այն մարդկանց իրավունքների մասին, ում մոտենում են աղանդավորները, քարոզում են իրենց գաղափարները: Ստացվում է, որ մեր երկրում մեծամասնությունը գերի է դառնում փոքրամասնությանը»,- նշել է քահանան:
Աղբյուր`http://news.am/arm/news/72184.html
|