«Facebook սոցիալական ցանցում շուրջ 2 ամիս բացվել է Demand - System of a Down represent Armenia in Eurovision 2012 in Baku անվանմամբ էջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բլոգերներ հանուն Հայաստանի» միավորման ղեկավար, ֆեսբուքյան Demand - System of a Down represent Armenia in Eurovision 2012 in Baku էջի հիմնադիրներից Արմինե Հարությունյանը:
«էջի ստեղծման գաղափարն առաջացավ ընկերներիս հետ զրուցելիս: Մտածեցինք՝ ինչ լավ կլիներ, որ Սերժ Թանկյանը գնար «Եվրատեսիլ», ու որոշեցինք էջ բացել՝ տեսնելու՝ մարդիկ ի՞նչ կարծիք ունեն դրա վերաբերյալ»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ գաղափարի հեղինակների թվում են Անի Մարգարյանը («Լիբերալ բլոգից»), Վահե Շահվերդյանը (Connect.am-ից):
Իր խոսքում Ա. Հարությունյանն ընդգծեց, որ իրենք առանձնահատուկ ցանկություն չունեն, որ System of a Down-ը գնա Բաքու, որովհետև գիտեն, որ «գործ ունեն բավական անկառավարելի ու ագրեսիվ մասսայի հետ»՝ մտահոգություն հայտնելով, թե հիմքեր չկան մտածելու, որ անկառավարելի ազգայնական որևէ մեկը չի կրակի նրանց վրա:
Նա իր խոսքում նշեց, որ ի սկզբանե էջը բացվել է նրա համար, որ System of a Down-ը գնա Բաքու, որ մարդիկ կարողանան ազատ արտահատել իրենց կարծիքը: Երկրպագուների մի խումբը ներկայումս դեմ է System-ի՝ Բաքու գնալուն, մյուսն ասում է, որ խմբի մասնակցությունը «Եվրատեսիլին» արդեն հաջողության գրավական է:
«Բացարձակ ցանկություն չունենք նրանց վտանգի ենթարկելու»,- ասաց բլոգերը՝ նշելով, որ էջի ստեղծման նպատակը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող թեկնածուներ առաջարկելն է, ցույց տալը, որ այդքան մարդ կողմ է, որ System of a Down-ը գնա Բաքու:
«Հետագայում, երբ կգա այն օրը, երբ պետական մասշտաբով որոշվի, որ, ի վերջո, գնալու ենք Բաքու, մենք կառաջարկենք, որ այսքան մարդ առաջարկում է խմբի թեկնածությունը: Մնացածը մնում է պետության որոշմանը»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ սա միջոց է, որով այդքան մեծ թվով մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը:
«Մենք անհանգստանում ենք, անգամ՝ եթե System-ը գնա Բաքու, քանի որ վստահ չենք, որ նրանց հետ ամեն ինչ նորմալ կլինի»,- նշեց նա՝ ընգծելով, որ սա մի փոքր քայլ է տեղեկատվական պատերազմում, քանի որ այս էջի բացումից հետո ադրբեջանական խմբերը Facebook-ում ու տարբեր ցանցերում «սկսել են իրենց դեմքը ցույց տալ»:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29327.html