Անցած հանգստյան օրերին «Ֆիգարո»–ի մի քանի էջ նվիրված էր Արարատ լեռանը, որտեղ այն ներկայացվում է որպես պատմական Հայաստանի մասնիկ, բիբլիական լեռ։ «Իսկ ամսվա տասնյոթերորդ օրը Նոյյան տապանը կանգ է առնում Արարատ լեռան վրա։ Պատմական Հայաստանում, այժմյան արեւելյան Թուրքիայում, գտնվող Արարատ լեռն ունի 5137 մ բարձրություն։ Այն շարունակում է կախարդանք ներշնչել մարդկանց, մարդիկ այստեղ են որոնում Նոյյան տապանի մնացորդները»,—գրված է Արարատի երկէջանոց լուսանկարի բացատրությունում։ «Սա է Արարատի պարադոքսը. տեսնում ենք միայն նրան, նույնիսկ եթե նրան չենք տեսնում։ Արդեն մեկ շաբաթ է, որ նախկին հրաբուխն իր ամբողջ հմայքով մերկանում է մեր հայացքների ներքո, չնայած որ անհնար է տեսնել նրա մշտապես ամպերով ծածկված գագաթը»,—գրում է «Ֆիգարո»–ի թղթակից Ժան—Լուի Թրոմբլեն։ «Հայերը նրան Մասիս են անվանում, թուրքերն այն կոչում են ցավերի սար, իսկ պարսիկները՝ Նոյի լեռ»,—ավելացնում է նա։ Լրագրողը պատմում է լեռան աշխարհագրական դիրքի մասին, ներկայացնում Աստվածաշնչից հատվածներ Նոյյան տապանի վերաբերյալ։ Թերթն ամենուր քրիստոնեական խորհրդանիշեր է գտնում, խոսում է նաեւ Ուրարտական թագավորության, հայկական Վանա լճի եւ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու մասին՝ վերջինիս վերանորոգմանը եւս անդրադառնալով։
Իսկ Արարատը նվաճելը, ըստ «Ֆիգարո»–ի, դժվար հասանելի, բայց շատերի կողմից ցանկալի նպատակ է։ Այստեղ խոսվում է լեռան գագաթ հասնելու, Նոյյան տապանի մնացորդներ գտնելու փորձեր կատարած համարձակների մասին։
Թերթը փորձ է կատարել ներկայացնելու լեռան նշանակությունն ու պատմական իրադարձությունները՝ սարին ազգություն չհաղորդելով։
Էլլադա ՂՈՒԿԱՍՅԱՆ Փարիզ
Աղբյուր`http://akunq.net/am/?p=11711
|