Գլխավոր » 2011»Օգոստոս»19 »
Գիտահետազոտական ուսումնասիրություններ` Համշենում և Դերսիմում
15:18
Գիտահետազոտական ուսումնասիրություններ` Համշենում և Դերսիմում
«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել և ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները ( «Վան» նախագիծ» խումբ, գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Քարտաշյան) գիտարշավի շրջանակներում մասնակցել են Արգուվանի երաժշտական փառատոնին (հուլիսի 24), ինչպես նաև Մնձուրի բնության և մշակույթի փառատոնին՝ ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ (հուլիսի 29) և Խոզաթ (հուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին:
Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկված առանձին հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:
Արշավախմբի կողմից կատարած դաշտային հետազոտությունների ընթացքում
- Ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները,
- Տեսագրվել են ավանդական երգերն ու պարերը,
- Տեսագրվել և/կամ գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների (առասպել, հեքիաթ, ավանդազրույց, գուշակություն, անեծք և օրհնանք, աղոթք և այլն) մի շարք նմուշներ,
- Տեսագրվել և/կամ գրի են առնվել էթնիկ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ:
Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների և «Ֆինեկո» կազմակերպության (www.fineco.fr) ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ: