Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով ոլորտի կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի մոտեցումները` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ ծրագրեր, որտեղ կնախանշվեն, ինչպես ֆինանսատնտեսական բարելավման, այնպես էլ ծրագրային զարգացման ուղղությունները:
«Մշակույթի ոլորտի բոլոր տնօրենները պետք է ունենան հստակ ծրագիր, ինչպես անել, որ մատուցած ծառայություներն ավելի շատ և որակյալ լինեն: Մենք կանգնելու ենք մշակութային յուրաքանչյուր սուբյեկտի կողքին այն պարագայում, երբ հստակ հասկանանք, որ նրանք ունեն հստակ ծրագիր և պատասխանատվություն են կրում: Խնդիրը ներկայացնելուց բացի, պետք է ներկայացնել նաև այդ խնդրի լուծման տարբերակները»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Մշակութային հաստատություններն աշխատանքի արդյունավետ կազմակերպման և ճիշտ կառավարման արդյունքում նկատելի դրական փոփոխություններ կարող են արձանագրել, նշել է քաղաքապետը` հատկանշելով Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի օրինակը, որը ներքին ռեսուրսները ավելի ճիշտ կառավարելու արդյունքում, նոր ուսումնական տարվանից կանցնի ինքնաֆինանսավորման` հրաժարվելով բյուջեից տրամադրվող սուբսիդիայից:
Գրադարանների հետ կապված խնդիրների առնչությամբ նշվել է, որ դրանց մի մասը օպտիմալացման լուրջ խնդիրներ ունեն: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը քաղաքապետին ծրագիր է ներկայացրել ժամանակակից պահանջները բավարարող և գրադարանում նոր համացանցային ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:
Երաժշտական դպրոցների և թատրոնների կողմից նույնպես առաջարկություններ են ներկայացվել նոր ծառայությունների մատուցման միջոցով լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովելու համար:
Թանգարանները, զբոսաշրջության խթանման և այցելուների թվի բարձրացման նպատակով ևս ծրագրեր են ներկայացրել: Էրեբունի արգելոց - թանգարանի մասով նշվել է, որ առաջիկայում լուրջ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում, որը, որպես բիզնես նախագիծ, կերաշխավորի ներդրումների հետագա վերադարձելիությունը: Ծրագիրը նախատեսում է արգելոց հնավայրի վերակառուցում, թատերական ներկայացումների կազմակերպում, հանգստի գոտիների ստեղծում և գեղարվեստական լուսավորության ապահովում:
Անդրադառնալով «Հայ Արտ» մշակութային կենտրոնին` առաջարկվել է դիտարկել կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը:
Կարևորելով մշակութային դաստիարակությանը նպաստող միջավայրի ձևավորմանը միտված նախաձեռնություններն ու մշակութային կյանքի աշխուժացումը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առաջիկայում ոլորտի պատասխանատուներից ակնկալում է գործունեության հստակ արդյունքներ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուր`http://hetq.am/arm/news/3655/
|