Կեղծի հետ միայն Եղծն է մտերիմ, Քանզի պաշտում են Միտքը ոխերիմ: ………………. Մարդկութեանը ծառայութիւն՝ Առողջ մտքի սիրերգութիւն: Առեւտրի հաշուարկութիւն՝ Էլ ի՜նչ սիրերգ… Ի՜նչ էութիւն… Ողջ դրուածքն է պղծերգութիւն: …………………. Մարդասերից Մարդ սիրել են սովորում: Խաբեբայից՝ Մաքուր սիրոյ… աւիրում: ………………… Ծառայում է Մարդկութեանը՝ մարդաբոյր է: Խաբէութեան տիրութեանը՝ Խելքից կոյր է: …………………. Մարդն ի՛ր խելքով պիտի ապրի: Ով ապրում է խելքով նրա, Նրա կամքը պիտ կատարի: Ու էլ ինչպէ՞ս… Ինքը իրեն կառավարի, Որ հասկանայ Ինչ է միտքը խառնավար-ի: ………………… Ով ապրում է նրա եսը Նա կորցնում է իր երեսը: ………………… Մոլորուած է յիշելով՝ Ծառն է տեսնում: Կլանուած է իմաստով՝ Արմատները: ………………… Մտածելով է խօսում Միտքն ակունքից է հոսում, Կատարելով է խօսում՝ Կարկատան է երազում: ………………… Կատարողը… ինքը իրեն Մտածող է համարում, Տեսնես, արդեօք, ո՞րն է ինքը Կատարելը համարում: ………………. Ինքնախաբ միտքն է ծնում պատրանքը, Սնում պատրանքը՝ կործանում… մարդը՛, Որից այլեւս չունի՛ վերադարձ Թմրասիրահար պատրանքապարտը: …………………. Մարդն է խաւարում Մեծամիտ հոգում, Տհասութիւնն իր Էլ չի բողոքում: ……………….. Հասարակ լինել Չի նշանակում անհասակ լինել, Նշանակում է Հասարակութեան ճիշդ զաւակ լինել: ……………….. Անինքնուրոյնն է Փորձում հարց լուծել: Ո՞ւմ ինքնութիւնն է Ուզում ներմուծել… ……………….. Ազատասէր միտքն է ծաղրում… Անազատը՝ Բռնատիրոջ «հարազատը»: …………………. Պարտւում են նրանք Ովքեր կորցնում են բուն ինքնութիւնը Եւ ոչ թէ նրանք Ովքեր մերժում են կեղծ գոյութիւնը: ……………….. Գիտելիքը գործիք է: Մտածելը՝ կարիք է: Մտածելը արգիլող Գիտելիքը չարիք է: Հասկանալը… գալիք է: ………………… Գարնանամուտ Ըմբռնում է սխալը՝ Սկսում է ձնհալը: ………………… Չարն է խանգարում՝ Ե՛ւ քեզ, ե՛ւ ինձ, ե՛ւ մեզ: Երբ հանդուրժում ենք Չարին տնաւեր Կեանքն է խաւարում Ե՛ւ քո, ե՛ւ իմ, ե՛ւ մեր: ………………… Ատելութիւնը ինձ կուլ չի տուել, Քանզի մարդապահ խիղճն եմ պահպանել Եւ մարդու հանդէպ կեղծիքը վանել: Ես, ինքնավստահ, իմ կարողութեամբ, Չարապատուաստման խայծն եմ խափանել Եւ անապական միտքը պահպանել: Ատելութիւնը… ինձ կուլ չի տուել: ……………………. Անիմաստ է Իմաստ փնտրել անիմաստում: Անիմա՛ստն է Իմաստ փնտրել անիմաստում… … կեանքն է փաստում: ………………….. Խի՛ստ է՝ սիրողը, Կե՛ղծ է՝ տիրողը, Խառնաշփոթում՝ Մեծ է ներողը՛: ……………. ՄՈԼՈՐԵԱԼԻՆ Քո բնական ճիշդ աչքերից «հրաժարուած», Խաբեբայի աչքերով ես դիտարկում միշտ Եւ արդիւնքում, կեղծ պատկերով հրապուրուած, Խաբեբայի դիտանկիւնն ես համարում ճիշդ: Էլ ո՞ւր մնաց… Քո ինքնարթուն տեսանկիւնը, անբի՜ծ, վճի՜տ… Կա՞յ… ջինջ կեանքը ապականող մէկ ուրիշ վիշտ… ……………….. Ողջախոհութի՞ւն, Թէ՞… Մեծամտախտածին Ինքնախաբէութիւն Ողջամիտը միշտ ձգտում է Հասունութեան հորիզոնին, Քանզի հասուն միտքն ահեղ է: Իսկ խաբեբան… Կարծում է թէ հանճարեղ է, Արդէն լրիւ հասունացած… Ինքն այնտեղ է: …………………… Ճշմարտարժէք Մեծութիւնը Հասունացման գործընթացը Չարութի՞ւնն է՝ Չարանում է մարդկութիւնը: Բարութի՞ւնն է՝ Վերանում է խեւութիւնը՝ Մարդակործան կեղծութիւնը, Բռնութիւնը, գերութիւնը, կուրութիւնը… Զարգանում է՝ Մարդու հանդէպ մարդ մնալու Խղճամատոյց հեզութիւնը՝ Ճշմարտարժէք մեծութիւնը: ………………. Ամէն դարում ամէն մի մարդ Կոչեց դարը՝ «խառը օրեր», Քանզի նրանք պարզ չտեսան Խառնակիչը, խորքում, ով էր: …………………. Մէկն ասում է. «Խաղ ու դաւով, մարդը զոհ է»: Խեւն ասում է՝ «չարը… գոհ է»: ………………… Որքան պարզ է մտածում, Այնքան խորն է թափանցում, Պարզ ու խորը դատելով Բարդութիւնն է ածանցում: Խաբէութեան ոլորտում Պրպտում են մէկին տաս, Պարզ ու խորը, խոր ու պարզ… Իմաստութիւնն է պակաս: …………………… Պարզութեան մէջ է իմաստութիւնը՝ Չարի, բարիի զանազանումը: Չարի մեծարման բարդութեան մէջ է Արմատաւորւում ապականումը: ………………. Ապականումն է Ինքնամաքրման կարիքը ծնում: Երբ մարդը ուրոյն, անեղծ է մնում Ինքնամաքրման կարիք չի լինում: …………………. Կեանքն են վստահում, չգիտեն թէ ում, Եւ իրար մէջքից դանակ են խրում, Կարծում են բակում քխ-քխ են խաղում, Երբ իրականում բուն կեանքն են թաղում: ԱԲՐԱՀԱՄ ԱՄԲԱՐՏ
Աղբյուր`http://asbarez.com/arm/107373/
|