Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգոստոսի 22-27-ը կրթական ոլորտի մասնագետներին կներկայացվեն կրթական, ուսումնական, մեթոդական եւ մանկական բազմաբնույթ գրքեր ու ձեռնարկներ: Միջոցառումն անցկացվում է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի եւ ԼՂՀ-ի Կրթության եւ գիտության նախարության հետ համատեղ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, ընթացիկ տարվա գարնանը, երբ գրքի ցուցահանդես էր անցկացվում ԼՂՀ-ում, համագործակցության հուշագիր ստորագրվեց ասոցիացիայի եւ Արցախի Կրթության եւ գիտության նախարարության միջեւ: Օգոստոսին կայանալիք միջոցառումը կատարվում է հուշագրի շրջանակներում:
Մ. Կարապետյանի խոսքով' այդ օրերին իրենք լինելու են ԼՂՀ-ի գրեթե բոլոր շրջաններում, որտեղ ներկայացվելու են վերջին տարիների հրատարակությունները: Միջոցառումներն իրականացվելու են երկու ուղղությամբ' աշխատանքներ են տարվելու տեղի կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ եւ կազմակերպվելու է գրքի ցուցահանդես: Մ. Կարապետյանը նշեց, որ նախատեսվում է գրքի նվիրատվություն: Հանդիպումներ են կազմակերպվելու ուսուցիչների եւ հրատարակիչների մասնակցությամբ:
«Մեր նպատակն է գիրքը հասցնել մարդկանց, ներկայացնել մեր ունեցած հետաքրքրիր, արժեքավոր գրականությունը»,-ասաց Մ. Կարապետյանը:
Լեռնային Ղարաբաղում կհյուրընկալվի Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը: Այնտեղ հանդիպում է լինելու տեղի գրադարանների ներկայացուցիչների հետ, կներկայացվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեթոդները: Նախատեսվում է 500 կտոր գրականության տրամադրում:
ԼՂՀ-ի Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Սլավիկ Ասրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում կարեւորեց նման նախաձեռնության իրականացումը: Նրա խոսքով' այն բավական օգտակար կլինի ուսուցիչների համար, քանի որ հնարավորություն է ստեղծվում տեղում ծանոթանալ ուսումնական, մեթոդական ձեռնարկներին: Նա կարեւորեց նաեւ հրատարակիչների հետ հանդիպումը, որի ընթացքում կարող են ուսուցիչները ներկայացնել հրատարակությունների հետ կապված տարբեր հարցեր: Նախնական տվյալներով' միջոցառմանը կմասնակցեն շուրջ 3 հազար ուսուցիչներ: