Գլխավոր » 2011»Օգոստոս»19 »
Գյումրիում կայացել է Մեծ հայրենականի վետերան Հրանտ Սարգսյանի գեղանկարների ցուցահանդեսը
16:24
Գյումրիում կայացել է Մեծ հայրենականի վետերան Հրանտ Սարգսյանի գեղանկարների ցուցահանդեսը
Օգոստոսի 17-ին Գյումրիում` Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում, կայացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, նկարիչ, լրագրող Հրանտ Սարգսյանի գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ծնվելով 1924թ. Կրասնոդարի երկրամասում, Եղեռնից մազապուրծ ընտանիքում՝ նա վաղ մանկությունից ապրել է Լենինականում, որտեղ և հիմնականում ստեղծել է իր գեղարվեստական կտավներն ու գրաֆիկական աշխատանքները:
1970 թվականին «Մայիսյան ապստամբությունը Ալեքպոլում» նկարի համար արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման:
Հ. Սարգսյանի կյանքում վճռորոշ դեր է ունեցել Հայրենական մեծ պատերազմը, որին նա մասնակցել է՝ լինելով 17 տարեկան պատանի: Այդ ծանր օրերի արտահայտություններն են նկարչի ստեղծած՝ զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի, Խամփերյանցի և այլ անվանի զորահրամանատարների նկարները:
Սակայն Հրանտ Սարգսյանին առավել մեծ համբավ բերեց Թումանյանի գրաֆիկական դիմանկարը, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի, Ավետիք Իսահակյանի, Կաթողիկոս Գարեգին Առաջինի դիմանկարները:
Հանգամանքների բերումով վերջին տարիներին ապրելով Ռոստովում՝ Հրանտ Սարգսյանը, չնայած հասուն տարիքին, շարունակում է նկարել և ակտիվորեն համագործակցել տեղի հայկական լրատվամիջոցների հետ:
Գեղանկարչությանը զուգահեռ նա նաև զբաղվել է գրական գործունեությամբ:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ակտիվ մասնակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը առաջինը չէ Հրանտ Սարգսյանի կյանքում. նախկինում նրա անհատական ցուցահանդեսը բացվել է Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում: