«Երեք փառատոնի շրջանակներում երեք համերգ նվագեցինք Արևմտյան Հայաստանում: Շատ հետաքրքիր անցավ, քանի որ մեր ռեպերտուարը ֆոլկլորային երաժշտությունն էր, ինչը բնորոշ է Արևմտյան Հայաստանին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժիշտ, «Երկիր» միության «Վան» նախագծի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը:
Նա տեղեկացրեց, որ «Վան» նախագիծը հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը մասնակցել է Արգուվանի (Մալաթիա) երաժշտական փառատոնին, Դերսիմ ու Խոզաթ քաղաքներում կայացած համերգներին:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նույն նախագծի շրջանակներում մասնակցել էր Համշենի, Դերսիմի ու Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերի դաշտային ազգագրական հետազոտությունների, իր հերթին մի քանի հետաքրքիր դիտարկում ներկայացրեց:
Նրա խոսքերով՝ իրենք Դերսիմում հանդիպել են ինքնությունը կորցրած բազմաթիվ հայերի, ովքեր, ձուլվելով տեղի զազաներին ու ալևիներին, իրենց հետ զրույցներում սկսում են աստիճանաբար վերականգնել իրենց պատմական հիշողությունը:
«Այս շրջանի հայերը ակտիվորեն զազացել, ալևիացել են, սակայն զարմանալի էր տեսնել, թե ինչպես իր մայրենի լեզվով կրթություն չստացած ժողովուրդը հիշողության պատառիկներից փորձում էր վերագտնել իր անցյալը»,- ասաց ազգագրագետը՝ նշելով, ազգային ինքնության «փնտրտուքները ակտիվացել են»:
Ըստ Հ. Խառատյանի՝ հատկանշական է նաև այն, որ, այդ զազացած, ալևիացած, ղզլբաշներին ձուլված հայերի հիշողությունից ամբողջությամբ ջնջված են 1915-1920-ականների կոտորածները:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30285.html
|