«Հարազատ օտարները» Լեւոն Գյուլազյանի հեղինակային ֆիլմն է, որը մասնակցել է ՆՓԱԿ-ում կազմակերպված 1 կադր միջազգային 9-րդ փառատոնին, ու թեեւ առաջին տեղը չի գրավել, սակայն արժանացել է Կինեմատոգրաֆիստների միության դիպլոմին:
Ֆիլմը պատմում է բախտի քմահաճույքով անօթեւան մնացած մի ընտանիքի մասին: Ընտանիքի հայրը աշխատանք չունի, եւ երեխաներին սովի չմատնելու համար ստիպված է օրական տասը-տասնհինգ կմ քայլելով` աղբանոցներից շիշ հավաքել: Թվում է, թե շարքային պատմություն է, արդեն ծեծված ու չարչրկված, բայց ամեն նոր կերպար, որը դիմագծեր ունի, բնավորություն, անուն, նոր հույզեր ու զգացողություններ է առաջացնում: Մանավանդ, որ հեղինակը հնարավորություն է տալիս ներթափանցել ընտանիք, կարիքից բացի տեսնել նաեւ մանկան ժպիտ, լսել վախից կակազ դարձած երեխայի թոթովանքներ, հարազատանալ նրանց հետ…
Ֆիլմը նկարելու գաղափարն առաջացել է, երբ հեղինակը տեսել է աղբանոցում փոշեկուլի հետ խաղացող մի երեխայի, ու շատերիս պես չի հեռացել` փորձելով հնարավորինս շուտ մոռանալ տեսածը, այլ հետեւել է երեխային ու զրուցել ծնողների հետ:
Իր ժանրով ֆիլմն ավելի մոտ է հեռուստալրագրությանը, քան վավերագրական կինոյին: Տասներկու րոպե տեւողությամբ նյութի կենտրոնում է հասարակությունից դուրս մնացած ընտանիքն իր առօրյա հոգսերով, ուր առանձնանում է գլխավոր հերոսը` ընտանիքի հայրը, որը հույսը դրել է միայն իր վրա, ու արժանապատվորեն է վաստակում ընտանիքի հանապազօրյա հացը:
«Հարազատ օտարները» ֆիլմը կարելի է դիտել այստեղ, իսկ նրա մասին պատմող տեսանյութը` պատրաստված Webtv.am-ի ջանքերով, այստեղ: