Չորեքշաբթի, 04.12.2024, 12:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Հարեմ
15:23
Հարեմ
Հարեմ
Հարեմի թեման հայ պատմական գրականության մեջ հասկանալի պատճառներով քիչ է արծարծվել, իսկ մահմեդական իրականության մեջ այն արգելված թեմա է: Այդ իսկ պատճառով հին և միջնադարյան շրջաններում տարածված այս երևույթի մասին պատկերացումներն աղոտ են, ավելի շատ` երևակայական: Ամեն դեպքում, թեկուզև փշրանքներ, պատմական գրականության մեջ որոշ բաներ պահպանվել և մեզ են հասել:

Հարեմն արաբերեն բառ է, թարգմանաբար նշանակում է սրբագործված վայր և հայ իրականություն է թափանցել արաբների շնորհիվ, հավանաբար VIII-IX դարերում: Հայոց լեզվում կա բառի համարժեքը` կանանոց:

Զարգացման տարբեր փուլերում մարդկությունը տարբեր վերաբերմունք է ունեցել ամուսնությանը: Դա կախված էր տվյալ հասարակարգում ընդունված սովորույթներից, հավատալիքներից, նաև` սոցիալական պահանջներից: Աշխարհի բոլոր ժողովուրդները տարբեր ժամանակահատվածներում ընդունել և կիրառել են (այսօր ևս) բազմամուսնությունը: Ընդ որում, տարածված է եղել ոչ միայն բազմակնությունը. կինն ամուսնացել է միաժամանակ մի քանի տղամարդու հետ: Այս վերջին երևույթը, սակայն, քիչ կիրառական է եղել և հիմնականում տարածված էր արևելահնդկական ժողովուրդների մեջ:

Պատմությանը հայտնի ամենամեծ հարեմն ունեցել է Իսրայելի Սողոմոն թագավորը` 700 կին և 300 հարճ:

Առհասարակ, կինը, հասարակության մեջ ցածր դիրք գրավելով, ավելի շատ դիտվել է որպես ապրանք և հաճախ եղել է առուծախի, փոխանակման առարկա: Ընդհուպ մինչև  մի դար առաջ կինը պատերազմներում նաև հիմնական ավարառության առարկաներից էր:

Դրա հետ մեկտեղ կին ունենալը նաև սոցիալական կշիռ էր, և բազմակին անհատը, բնականաբար, կարող էր նյութական ապահով խավից լինել, որպեսզի կարողանար ապահովել իր կանանց և հարճերի գոյությունն ու բարեկեցությունը:

Հայ իրականության մեջ էլ տարածված էր բազմակնությունը, սակայն կանայք հատուկ կարգավիճակ և սոցիալական դիրք են զբաղեցրել: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր և հիշատակություններ Հայաստանում բազմակնության տարածման վերաբերյալ: Հիշենք թեկուզ Տիգրան Մեծին, որ հայ-հռոմեական պատերազմի ժամանակ ճեղքեց հռոմեացիների պաշարած Տիգրանակերտ մայրաքաղաքն ու ազատեց իր կանանոցը:

Քրիստոնեության նախնական փուլերում էլ հայոց մեջ տարածում ուներ բազմակնությունը: Արշակ Երկրորդը բազում կանայք ուներ. նրանցից հայտնի են հատկապես Փառանձեմը, բյուզանդուհի Օլիմպիան և գահաժառանգ Պապի մայրը, որի անունը, ցավոք, պատմությունը մեզ չի ավանդել: Բազում կանայք ու հարեմ ուներ ինքը` Պապ թագավորը: Հիշատակություն կա Կիլիկիայի Լևոն Երկրորդ Մեծագործի հարեմ ունենալու մասին:

Հայոց արքունիքում հատուկ նախարարություն կար արքայի կանանոցի և զավակների պահպանության, հսկողության ու դաստիարակման համար: Այդ նախարար պաշտոնյան կոչվում էր հայր-մարդպետ և որպես կանոն ներքինի էր: Կանանոցը երկու մասի էր բաժանված` կանայք և հարճեր,  վերջիններս հայտնի են նաև վարձակ անունով: Չի բացառվում, որ ուշ շրջանում այս բառերի հոմանիշն են եղել նաև նաժիշտը և քոծը: Եթե բազմակնության շրջանում կանայք որոշ սոցիալական դեր և իրավունքներ ունեին, ապա հարճերն ու վարձակները սոսկ սիրուհիների և հոմանուհիների դեր էին կատարում:

Հարեմը բոլոր երկրներում ու բոլոր ժողվուրդների մեջ զեխության ու զվարճության վայր է եղել: Այստեղ գերիշխել են կրքերը, մոլագարությունը, այլասերվածությունը, թմրամոլությունը… Արևելյան հարեմներում տարածված էր նաև արվամոլությունը: Տիրակալը կանանոցին կից հատուկ մասնաշենքում պահում էր իգացյալ տղամարդկանց: Պատմիչների հավաստմամբ` այստեղ հարգի էին ազգությամբ թուրք և վրացի պատանիները: Ըստ որոշ աղբյուրների` այդ «դպրոցն» է անցել նաև ազգությամբ թուրք արաբական զորավար Բուղան, որ 852-855 թթ. հսկայական բանակով արշավեց Հայաստան: Հայերը, որպես այդպիսին, հարեմում չեն եղել: Միջնադարյան արաբ հեղինակների հավաստմամբ` հայազգի ստրուկները անպիտան էին. ինչպես նշում է XI դարի արաբ պատմիչ Իբն Բուտլանը. «Հայերն ամենավատ ստրուկներն են սպիտակների մեջ, ինչպես զինջիները սևամորթների մեջ»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/136365/

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 956 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարեմ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0