Մշակույթի նախարարը ստախոս է: Այս մասին այսօր` հունիսի 20-ին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` խոսելով վերջերս Երեւան տեղափոխված Մինասի որմնանկարների մասին: Մշակույթի նախարարը հայտարարել էր, թե որեւէ գրություն չի ստացել Գյումրիից եւ չի իմացել գյումրեցիների` որմնանկարները վերականգնելու եւ այնտեղ պահելու ցանկության վերաբերյալ: Մինչդեռ Լեւոն Բարսեղյանը լրագրողներին ցույց տվեց փաստաթուղթ, որտեղ Գյումրիի քաղաքապետարանը 2010թ դեկտեմբերի 16-ին հարցումով դիմել է Մշակույթի նախարարությանը:
Ավելի ուշ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ` Մինասի որմնանկարները վերականգնելու եւ Գյումրիում պահելու համար: Շիրակի մարզպետարանը եւս հայտնել էր, որ այդ առթիվ առարկություն չունեն: Լեւոն Բարսեղյանի խոսքով, այս պետությունը, իշխանությունը, մշակույթի նախարարությունը անբարո քաղաքականություն են վարում` նկարները փրկելու անվան տակ դրանք իրենց բնօրրանից պոկելով, տանելով:
«Լենինականը պատվերներ է տալիս Մինասին, որի միջոցով Մինասը ընտանիք էր պահում եւ այդ ընտանիքում մեծանում էր Արման Ավետիսյանը, ով տեսել է այդ ամենը եւ այժմ գործիք է դարձել Մշակույթի նախարարության, Հասմիկ Պողոսյանի ձեռքում»,- ասաց Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը: Բանախոսները նշեցին, որ Մինասի որմնանկարների հետ բարբարոսաբար չէին վարվել, աչքերը չէին փորել, ծխախոտ չէին հանգեցրել վրան: «Ցավում էիք Մինասի որմնանկարների համար, վերականգնեիք եւ թողնեիք այդ քաղաքում: Առանց մեզ հետ քննարկելու, եկել են մեր հարստությունը տարել են»,- ասաց Վահան Թումասյանը: