Հայաստանեան երգիչ-երգչուհիների, երգահանների, դերասանների, հաղորդավարների «բիզնես»ները ներկայացնելուց յետոյ «Նիուզ.Էյ.էմ.» անդրադառնում է նաեւ նրանց՝ արտերկրում ունեցած անշարժ գոյքին: Յիշեցնենք, որ «Նիուզ.Էյ.էմ.»ը աւելի վաղ անդրադարձել էր երգչուհի Լանա Խաչատրեանի, «Վիտամին» ակումբի տղաների, երգիչներ Արթուր Յակոբեանի (Միստր X), Միշոյի, դերասաններ Հովոյի, Հայկոյի եւ Մկոյի, Աշոտ Ղազարեանի եւ Վարշամ Գէորգեանի «ունեցած-չունեցածին», աւելի վաղ՝ Արմինկայի, Հայկոյի եւ Անահիտ Սիմոնեանի, Դերհովայի, Անդրէի «բիզնես»ներին , իսկ դրանից առաջ էլ՝ Լուսինայի, Աիդա Սարգսեանի, Նունէ Եսայեանի ու Սոֆի Դեւոյեանի «բիզնես»ներին: Այս անգամ կանդրադառնանք երգչուհիներ Լանա Խաչատրեանի, Նառայի եւ Լուսինայի, ռեժիսոր (բեմադրիչ-Խմբ.) Վիգէն Ստեփանեանի արտերկրում ունեցած անշարժ գոյքին:
ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐԵԱՆՅ
ԲԷՅՐՈՒԹՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԻ
«Հարս» ամսագրի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր, երգչուհի, Լանա Խաչատրեանը եւ նրա ընտանիքը մօտ 2 տարի առաջ Բէյրութի կենտրոնում բնակարան են գնել: «Դա ինձ չի պատկանում, իմ ընտանիքին է», մեզ հետ զրոյցում ասաց նա: Բէյրութի բնակարանում երգչուհին եւ նրա ընտանիքը լինում են արձակուրդից արձակուրդ, օրինակ՝ վերջին անգամ եղել են Նոր տարուն եւ նախորդ ամռանը: Հարցին, թէ որքա՞ն է եղել իր լուման բնակարանի գնման գործում, Լանա Խաչատրեանը նշեց. «Ցաւօք սրտի, ես ֆինանսապէս իմ ընտանիքին չեմ օգնում: Իմ ներդրումը ընտանիքիս համար ծիծաղելի գումարներ են, իրենք երբեւէ չեն թողնում, որ ես ծախսեմ իմ գումարները տան ինչ-որ բանի համար: Թէ՛ մեր բնակարանի, թէ՛ եղբայներիս պարագայում կահաւորման եւ դիզայնի հետ կապուած խնդիր է լինում, խորհրդակցում են ինձ հետ», ասաց նա:
Երգչուհին չյիշեց, թէ իր ընտանիքի բնակարանը քանի սենեականոց է՝ նշելով, որ շատ մեծ չի: Նա նաեւ չգիտէր, թէ ինչքանով են բնակարանը գնել: Լանա Խաչատրեանը դէմ է դրսում ապրելուն, բայց նշեց, որ իր ընտանիքի անդամները սիրով կապրէին այնտեղ: Իսկ թէ ո՞րն էր բնակարանը գնելու նպատակը՝ «հայավարի փող ունենալ, յետ գցել անշարժ գոյքի տեսքով», թէ՞ այլ բան, երգչուհին նշեց, որ բնակարանը ընտանիքինն է եւ շատ մանրամասների ինքը չի տիրապետում:
ՆԱՌԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ
ԵՒ ՌԵՍՏՈՐԱՆ ՈՒՆԻ ԲԷՅՐՈՒԹՈՒՄ
Երգչուհի Նառան մօտ 19 տարի է՝ ապրում է Բէյրութում, նա Լիբանանի քաղաքացի է: Մեր ունեցած տեղեկութիւններով՝ երգչուհին եւս Բէյրութում բնակարան ունի, ըստ որում՝ ոչ միայն բնակարան: Նրա բէյրութահայ գործարար ամուսինը սիրելի կնոջը նուէր էր մատուցել՝ Բէյրութում գնելով այն ռեստորանը, որտեղ ժամանակին երգել է Նառան: «Մենք այն կը դարձնենք ուրիշ մի բան, դա միանշանակ ռեստորան չի լինելու», աւելի վաղ ասել էր Նառան՝ չբացելով փակագծերը: Ցաւօք, մեզ չյաջողուեց կապուել երգչուհու հետ, քանի որ նրա հեռախօսն անհասանելի էր, հաւանաբար նա գտնւում է արտերկրում, մասնաւորապէս՝ Բէյրութում:
ԼՈՒՍԻՆԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԼՈՍ ԱՆæԵԼԵՍՈՒՄ
Երգչուհի Լուսինան եւս արտերկրում անշարժ գոյք ունեցող աստղերի շարքում է, այս անգամ ոչ թէ բնակարան Բէյրութում, այլ՝ առանձնատուն Լոս Անջելեսում: Մենք զանգահարեցինք Լուսինային եւ ասացինք, որ ուզում ենք խօսել նրա հետ այս թեմայով, նա նշեց, որ հանդիպման է եւ կը զանգահարի, բայց այդպէս էլ չզանգահարեց: Դրանից յետոյ 2 օր է, երգչուհին սկզբից հեռախօսազանգերին չէր պատասխանում, իսկ յետոյ անհասանելի դարձաւ: Նրա «մենեջեր» (գործերը տնօրինող-Խմբ.) Սեւակի հետ զրուցեցինք, ով նշեց, որ երգչուհին այսօր մեկնել է երկրից եւ կը վերադառնայ ամսուայ վերջին: Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի նրա առանձնատանը, «մենեջեր»ը նշեց, որ ինքն ինֆորմացիա (տեղեկութիւն-Խմբ.) չունի այդ մասին, մասնաւորապէս՝ երբ են գնել այդ բնակարանը, ով է ապրում այնտեղ, միայն նշեց, որ դա Լուսինայինը չէ, այլ նրա ընտանիքինը եւ, որ երգչուհին հազուադէպ է այնտեղ լինում: Ըստ «մենեջեր»ի՝ վերջին անգամ երկու տարի առաջ էր այնտեղ:
Նշենք, որ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Մանուկեանի դուստրն, աւարտելով ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ֆակուլտետը, 2005 թուականին տեղափոխուել է Նիւ Եորք՝ երաժշտական կարիերա (ասպարէզ-Խմբ.) սկսելու: Այնուհետեւ՝ 2009թ Սեպտեմբերի 18ին տեղի է ունեցել Լուսինայի առաջին՝ «Lucina» ձայնասկաւառակի շնորհանդէսը: Ալբոմը թողարկուել է EMI Records-ի կողմից: Ի դէպ, Լուսինան միակ հայ երգչուհին է, ով պայմանագիր է կնքել EMI Records-ի հետ, որն իր մեծութեամբ աշխարհում երրորդ տեղն է գրաւում ձայնագրման ընկերութիւնների ցանկում: EMI-ն համագործակցել եւ համագործակցում է Մադոննայի, Ռոբի Ուիլեամսի, Մոբիի, æորջ Մայքըլի, «Բիթլզ» եւ «Դիփ Փըրփլ» խմբերի հետ: Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի առանձնատանը, ապա պէտք է նշել, որ երգչուհին անձամբ է հրապարակել այդ առանձնատան լուսանկարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որից յետոյ մեկնաբանութիւններին, թէ ում առանձնատունն է այն, երգչուհին պատասխանել է, որ դա իրենն է:
ՎԻԳԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆԸ
ԲԷՅՐՈՒԹՈՒՄ ՏՈՒՆ Է ԳՆԵԼ ԵՒ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՐԵԼ 4 ՏԱՐՈՒՄ
Դերասան, ռեժիսոր Վիգէն Ստեփանեանը 1999-2000թթ բանկի միջոցով երեքսենեականոց բնակարան է գնել Բէյրութում: Նա վճարել է նախնական գումարը, իսկ այնուհետեւ 15 տարուայ փոխարէն ամբողջ պարտքը մարել 4 տարուայ ընթացքում: Վիգէն Ստեփանեանը նշեց, որ մինչ այժմ բնակարանը կայ, վարձով չեն տալիս, տարեկան երկու-երեք անգամ Բէյրութ են գնում եւ ապրում սեփական բնակարանում, օրինակ՝ վերջին անգամ այնտեղ եղել է 2 ամիս առաջ: Իսկ թէ ինչու որոշեցին բնակարան ունենալ հէնց Բէյրութում, նա նշեց, որ այդ ժամանակ այնտեղ էին ապրում եւ աշխատում, որպէսզի վարձով չապրէին եւ այդ փողը «քամուն չտային», որոշեցին գնել: ԹԷ ինչքանով է գնել Վիգէն Ստեփանեանը իր բնակարանը, նա չնշեց՝ ասելով, որ այն ժամանակ այնքան էլ թանկ չէր, իսկ այժմ համարեա կրկնակի թանկացել է:
Աղբյուր`http://asbarez.com/arm/106421/