Գլխավոր » 2011»Հունիս»28 »
Հայ կինեմատոգրաֆիստներին այժմ միավորում է Ազգային կինոակադեմիան (տեսանյութ)
21:56
Հայ կինեմատոգրաֆիստներին այժմ միավորում է Ազգային կինոակադեմիան (տեսանյութ)
Այսօր շատ կարևոր օր է հայ կինոյի համար. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայ հայտնի կինոգործիչները հայտնեցին, որ ստեղծվել է Հայկական ազգային կինոակադեմիա։ Այս նոր կազմակերպությունը ստեղծելու համար միավորվել են կինեմատոգրաֆիստների միությունը, «Ոսկե ծիրան» փառատոնն ու հիմնադրամը, «Շարմ» ընկերությունը, այլ կազմակերպություններ և կինոյի զարգացմանն իրենց ներդրումը բերել ցանկացող ֆիզիկական անձինք։
Նոր կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ հայկական կինոակադեմիայի ստեղծումը անհրաժեշտություն է։ Այն կդառնա օղակ, որը կհամակարգի կինեմատոգրաֆիստների գործունեությունը, կզբաղվի գիտաստեղծագործական աշխատանքով, կապեր կստեղծի աշխարհի նման այլ կազմակերպությունների հետ։ Նորաստեղծ ակադեմիայի առաջին քայլեր են լինելու ազգային կինոյի հանրագիտարանի ստեղծումը, եկող տարի հայ կինոյի 100-ամյակը և անկախ Հայաստանի կինոյի 20-ամյակը նշելը։
Կինոակադեմիայի անդամ են Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը և հայ կինոյին իրենց ներդրումը բերած այլ հայտնի գործիչներ։ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ Կինոակադեմիան անհրաժեշտ է նաև միջազգային փառատոններին հայ կինոն ներկայացնելու համար։
Բոլոր կինոակադեմիաների պես, մերն էլ է ունենալու մրցանակաբաշխություն, սակայն, հաշվի առնելով հայկական ժամանակակից կինոարտադրությունում նոր ֆիլմերի պակասը, Ազգային կինոակադեմիայի մրցանակաբաշխությունները տեղի կունենան երկու տարին մեկ։
Ի դեպ, մոտ օրերս սկսվող «Ոսկե ծիրան» փառատոնում ներկայացված ֆիլմերից մեկին Կինոակադեմիան կշնորհի «Յուրահատուկ գեղարվեստական հայացք» մրցանակը։