Արեւմտյան Հայաստանի Դերսիմ նահանգում տեղի ունեցած ավանդական «Մնձուրի բնության եւ մշակույթի» փառատոնն այս տարի պաշտոնապես նշվել է 11-րդ անգամ: Հուլիսի 27-ից համերգներ են սկսվել Դերսիմի տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչ համերգը տեղի է ունեցել Դերսիմի մեծ մարզադաշտում. այստեղ կատարվել են զազայական (Դերսիմի բնակիչների) եւ այլ երգեր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը, այս տարի փառատոնին մասնակցել է «Մարաթուկ» համույթը եւ 10-ից ավել հայ մտավորականներ: Վերջիններս բանահավաքչական աշխատանքներ եւ նկարահանումներ են իրականացրել:
«Այս փառատոնին մեր մասնակցությունը եւս մեկ առիթ էր' համոզվելու այն ճշմարտության մեջ, որ այնտեղ ունենք մեծ թվով հայություն»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը' հավելելով, որ փառատոնն անչափ կարեւոր էր եւ ոգեւորիչ: «Դա մի բացառիկ ուխտագնացություն էր, որը հայոց երգն ու մշակույթը հասցրեց Արեւմտյան Հայաստան եւ ներկայացրեց այն մարդկանց, ովքեր երբեւէ հայեր չէին էլ տեսել: Իրենց կամքին հակառակ իսլամացած հայերի հետ կապ հաստատելու առումով եւս փառատոնը շատ կարեւոր էր»,- նշեց կենտրոնի տնօրենը' ասելով, որ հուզիչ եւ հետաքրքիր դեպքերն իրենց ուխտագնացության անբաժանելի մասն էին. մարդիկ մոտենում եւ պատմում էին իրենց պատմությունները' հուզիչ, միաժամանակ զարհուրելի:
Նա առանձնացրեց մի դեպք, երբ հայազգի կինը, ողջ կյանքում վախի մթնոլորտում ապրած լինելով, անգամ հայրենակիցների մոտ վախենում էր խոստովանել, որ հայ է: «Նա ասում էր, որ զավակներն ու ծնողները հայ են, սակայն ինքը հայ չէ, չնայած որդիները խնդրում էին նրան չվախենալ եւ գոնե մեզ մոտ խոստովանել իր հայությունը»,- պատմեց բանախոսը' նշելով, որ այս փառատոնը ոչ միայն իրենց' Արեւմտահայաստանի ծպտյալ հայերի համար է կարեւոր, այլեւ Հայաստանի հայերի, քանի որ մենք պիտի հասկանանք, թե ինչ ունենք եւ իրենք ինչ ունեն, ինչ պիտի տանք իրենց եւ իրենց պահպանած մշակութային բեկորներից ինչը վերցնենք:
Հ. Ալվրցյանի ներկայացմամբ' փառատոնի հիմնական նպատակը գալիս էր զազա ժողովրդի պայքարի տրամաբանությունից: «Սա ինքնության պաշտպանության ձեւերից մեկն է: Նաեւ բնության էր կոչվում, որովհետեւ Մնձուր գետը պատնեշել են ու հսկայական ջրամբարներ կառուցել, որոնք արդեն աղետ են կանխագուշակում, որովհետեւ փոխվում է միկրոկլիման: Փառատոնն անցնում էր քաղաքական ու բնապահպանական ելույթներով»,- ընդգծել է նա ու հավելել, որ փառատոնը կոչված էր պաշտպանել այն, ինչ վտանգված է' մշակույթն ու բնությունը:
Ինչ վերաբերում է փառատոնի վերաբերյալ թուրքական արձագանքին, բանախոսը նշեց, որ այդ արձագանքին ծանոթանալու հնարավորություն ծանրաբեռնվածության պատճառով չի եղել: Նրա լրագրող ընկերները, սակայն, պատմել են, որ տեղական հեռուստատեսությունն ու մամուլը լայնորեն են արձագանքել եւ անգամ թուրքական մաքսակետում համույթին ճանաչել են:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660645/
|