Գլխավոր » 2011»Հունիս»29 »
Հայաստանցիները նախընտրում են արտասահմանցիների նկարները
12:51
Հայաստանցիները նախընտրում են արտասահմանցիների նկարները
Մինչ հայ նկարիչների զգալի մասը հանապազօրյա հացի փնտրտուքների մեջ է, Հայաստանը 2010 թ. ներմուծել է մոտ 1 մլն դոլարի ձեռքով արված նկարներ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտուրը 2010 թվականին (ըստ ութանիշ դասակարգման) հրապարակման մեջ:
Ըստ այդմ` 2010 թ. Հայաստան է ներմուծվել 558 հատ ձեռքով արված կտավ` 900 հազ. դոլար արժողությամբ, եւ 2.2 տոննայի չափով փոքր նկարներ` 45 հազ. դոլար արժողությամբ:
Սա այն դեպքում, երբ հայ նկարիչները կարողացել են արտահանել ընդամենը 20 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ ձեռքով արված նկարներ: Ընդ որում` հայ նկարիչները կարողանում են արտասահմանցիներին վաճառել հիմնականում փոքր նկարներ, որոնք մաքսային ձեւակերպում են ստանում քաշով, այլ ոչ թե հատով:
Հարկ է նշել, որ արտահանման-ներմուծման «Արվեստի ստեղծագործություններ» բաժնում Հայաստանը համարյա բոլոր ենթաբաժիններով ունի բացասական մնացորդ (նշենք սակայն, որ գործարքների 90 տոկոսը վերաբերում է նկարներին): Այսպես` արտահանել ենք 40 հազ. դոլարի քանդակներ, ներմուծել 205 հազարի: Փորագրանկարներ ընդհանրապես չենք արտահանել, բայց ներմուծել ենք 7700 դոլարի չափով:
Հավանաբար` մշակույթի նախարարությունը պետք է հատուկ դասընթացներ կազմակերպի մեր մեծահարուստների համար, որպեսզի վերջիններս սկսեն նախապատվություն տալ տեղացի արվեստագետներին: