Հինգշաբթի, 21.11.2024, 17:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Հայաստանն այսուհետ 2 Սերժ ունի
14:10
Հայաստանն այսուհետ 2 Սերժ ունի
 Սերժ Թանգյան, Սերժ Սարգսյան
«Սերժն է եկել, ժողովուրդ, Սերժը, գնալո՞ւ եք հանդիպման», «Սե՞րժը», «Ո՞ր Սերժը». այս օրերին քաղաքի անցուդարձից անտեղյակ մարդը կմտածի, թե նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, բայց ոչ, սա ուրիշ Սերժ է, էլի «քարոզարշավ» է, բայց արդեն ռոքի, երաժշտության, սիրո, բնության, մարդկային փոխհարաբերությունների ու նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման:

Սա Սերժ Թանգյանն է, ամերիկահայ ռոք երաժիշտ, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մեներգիչը, իսկ կիրակի օրը նրա հետ հանդիպման մոտ 20 հազար մարդ էր գնացել: Գնացել էին նրա կատարմամբ «Բարի արագիլը» լսելու, նրա պարզ ու մարդկային փիլիսոփայությանը հաղորդակից լինելու:

Այս անգամ Թանգյանին հրավիրողն ու 2-րդ անգամ Հայաստան բերողը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր, որի պաշտոնական բացման ժամանակ էլ, կիրակի օրը, Աջափնյակի Թումանյանի անվան զբոսայգում օպերայի եւ բալետի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ ունեցավ ռոք երաժիշտը: Համերգին ներկա էր նաեւ մյուս Սերժը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ Թանգյանի շուրջ խոսակցությունները թե համերգից առաջ եւ թե հետո շատ էին, «Ֆեյսբուքը», ինչպես միշտ, ողողված էր ամենատարբեր մեկնաբանություններով, բայց հիմնական դժգոհությունը, որ կար բոլորի մոտ, այն էր, որ երաժշտության հնչողությունը շատ ցածր է եղել, իսկ վերջում կանգնածները գրեթե չեն լսել ոչ Թանգյանի, ոչ նվագախմբի ձայնը:

Ոմանք բողոքում էին նաեւ վատ կազմակերպումից, Սերժի երկրպագուներից շատերն էլ նեղվել էին նրանից, որ Թանգյանն իրենց համառ վանկարկումներից հետո 2-րդ անգամ չվերադարձավ բեմ ու շնորհակալություն չասաց եւ հատուկ հրաժեշտի կատարում չնվիրեց իր հայրենակիցներին: Ֆեյսբուքյան բնապահպան մի հատված էլ քննարկում էր օրերս բնապահպանական ՀԿ-ների նամակը՝ ուղղված Թանգյանին, որտեղ վերջիններս թվարկել էին Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրները, բերելով առողջապահական կազմակերպությունների տվյալները: Ապա բնապահպանները Թանգյանից խնդրել էին հանուն բնության իր երգերով, իր խոսքով ոտքի հանել հայ հասարակությանը, կառավարությանը, սփյուռքահայությանը:

Ինչ-որ մեկն էլ, բնապահպանների այս կոչից վախեցած ու Թանգյանի անվտանգությամբ մտահոգված, ֆեյսբուքյան այդ քննարկումներում գրել էր. «Լենոնին էլ դրա համար սպանեցին, որովհետեւ երաժշտությունից բացի ուրիշ բաներ էր անում, հիմա էլ ուզում եք խեղճ Սերժին կպնե՞ն: Թողեք մարդը հանգիստ մյուզիքով զբաղվի, էնքան կանեք, էլ Հայաստան չի գա»:

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամը եւ «Կանաչաստան» ՀԿ-ն բնապահպանական թեմաներով ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համար հանդիպում էին կազմակերպել Սերժ Թանգյանի հետ, բայց արդեն ոչ որպես երգչի, այլ քաղաքական ակտիվիստի: Թանգյանով ոգեւորված ու նախորդ օրը համերգի «Սերժ» վանկարկումների ազդեցության տակ գտնվող մարդիկ ինչի մասին ասես չհարցրին նրան՝ էլ բացօթյա առեւտրով զբաղվողների, էլ բանակի սպանությունների, էլ մեր գիտության ռեյտինգի:

Նրան անվանում էին սոցիալական փոփոխության խորհրդանիշ ու ամենաարդար արվեստագետ, իսկ Թանգյանն ամեն անգամ համեստորեն հիշեցնում էր, որ մարդիկ չգերագնահատեն իր հնարավորությունները. «Ես գնահատում եմ ձեր վստահությունը, բայց ձեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա: Ես չեմ ուզում ձեզ վրա խոսել, ես ուզում եմ ձեզ հետ խոսել ու ձեզանով ոգեշնչվել»: Փոխարենը, նա կոչ արեց արվեստագետներին ներկայացնել երեւույթները այնպես, ինչպես կա, ասել այն, ինչ զգում են. «Եթե ազատորեն չասենք ինչ եք զգում, գրողը տանի, ո՞վ է արտահայտվելու»:

Թանգյանի խոսքով՝ մարդկանց դեմքերից ավելի շատ բան կարելի է զգալ, քան խոսքերից: Նա պատմեց, որ առաջին անգամ, երբ եկել է Հայաստան, մարդկանց դեմքերին հուսահատություն է տեսել, ինչն ավելի վատ է աղքատությունից, իսկ մարդկանց հույսը վերականգնելու համար, ըստ նրա, պետք է արդարություն հաստատել. «Պետությունը եւ բիզնեսը նույն աթոռի վրա են նստած, պետք է մեկն իջնի»: Թանգյանի այս խոսքերին հաջորդեց ներկաների բուռն ծափահարությունը:

Կարեւորելով բնապահպանական խնդիրների ուղղությամբ տարվող ՀԿ-ների աշխատանքը, խոսելով անտառների, Թեղուտի, անորակ սննդի մասին, նա նշեց, որ իրազեկումը պետք է բարձրացնել. «Մենք ավելի շատ բան կարող ենք անել ֆերմերային տնտեսության մեջ: Երբ եկա Հայաստան, մի բան կերա ու տեսա, որ համն այն չէ, ասեցի՝ այ քեզ բան… մեզ պետք չեն ֆրանկենշտեյնյան ուտելիքներ»: Խոսելով Հայաստանի ու հայոց պատմության մասին, ռոք երաժիշտը նշեց, որ շատ է ընթերցում Հայաստանի մասին, եւ հավելեց, որ պետք է համբերատար լինենք, ուժեղ եւ չվախենանք: Նշեց, որ սեպտեմբերի 11-ից հետո, երբ խոսել է այդ դեպքերի մասին, անգամ սպառնալիքներ է ստացել, բայց միեւնույն է՝ նախընտրում է այդ ճանապարհը:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/16/erku-serj/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 803 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Սարգսյան, Սերժ Թանգյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0