Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 104 թանգարան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում յուրաքանչյուր տարի կատարվում է դիտանցում (մոնիթորինգ) եւ դրան համապատասխան' կազմվում են զարգացման ծրագրեր: «ՀՀ քաղաքաշինության նախարարության 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերով ՀՀ մշակույթի նախարարության համակարգում գործող թանգարաններում նախատեսված է իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ»,- ասաց նա:
ՀՀ պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգում է ընթանում Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, որտեղ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ' տախտակի, դռների եւ պատուհանների փոխարինում, տեղային ջեռուցման անցկացում, սանհանգույցի կառուցում, էլեկտրամոնտաժ: Տուն-թանգարանի վերանորոգման համար նախատեսված է 34 մլն 968,4 հազար դրամ:
Ա. Սամուելյանի տեղեկացմամբ' ընթացիկ տարում վերանորոգվում է նաեւ Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանը: Վերանորոգվում է թանգարանի տանիքը, նախատեսվում է հատակի, դռների եւ պատուհանների փոխարինում, տեղային ջեռուցման ապահովում, սանհանգույցի վերանորոգում: Վերանորոգման համար նախատեսված է 154 մլն 286,9 հազար դրամ:
Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում նախատեսվում է ներքին եւ արտաքին հարդարում, հատակի, դռների եւ պատուհանների փոխարինում, տեղային ջեռուցման ապահովում: Վերանորոգման համար նախատեսված է 20 մլն դրամ:
Ա. Բակունցի տուն-թանգարանում նախատեսվում է ներքին եւ արտաքին հարդարում, հատակի, դռների եւ պատուհանների փոխարինում, տեղային ջեռուցման ապահովում եւ սանհանգույցի վերանորոգում: Վերանորոգման համար նախատեսված է 30 մլն դրամ:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660343/
|