Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում արդեն հինգերորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը: Տոնի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն Հաղթանակի զբոսայգում, Հյուսիսային պողոտայում, Անգլիական եւ Սիրահարների այգիներում, Ֆրանսիական համալսարանում, Կամերային երաժշտության եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքներում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, տոնը սկիզբ է առել 1982 թ-ի հունիսի 21-ին, Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: «Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 430 քաղաքներում»,- ասաց Ա. Ռենոն: Նրա խոսքով'այն ժողովրդական տոն է եւ նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսեւորումներին, ինչպես նաեւ հնարավորություն տալ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսեւորվել հանպատրաստից համերգների միջոցով: «Հուսանք, որ միջոցառմանը կմասնակցեն շատ թվով մարդիկ, եւ բոլորը կզգան երաժշտության տրոփյունն ու կփոխանցեն միմյանց»,- նշեց դեսպանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ տոնն իսկապես դարձել է համաշխարհային, քանի որ շատ երկրներում այն տոնվում է յուրօրինակ կերպով: «Ուրախալի է, որ երեւանյան տոնին արդեն 2-րդ տարին է, որ միացել են ՀՀ մարզերը»,- ասաց Ա. Պողոսյանը' շեշտելով, որ այս տարվա տոնի յուրահատկություններից մեկն այն է, որ հիմնականում մասնակցում են մանկական եւ պատանեկան խմբեր, ինչպես նաեւ այլ երկրներից ժամանած հայտնի ռոք եւ ջազ խմբեր:
Տոնի գլխավոր հովանավորն է Orange ընկերությունը: «Լինելով երաժշտական բրենդ եւ ցանկանալով նոր երաժշտական տրամադրություն նվիրել երեւանցիներին' Orange-ը սիրով աջակցում է այս տոնին, որի փիլիսոփայությունն է երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել փողոց, եւ սկսնակ երաժիշտներին ու կատարողներին նույնպես հնարավորություն տալ հանդես գալ հանրության առջեւ»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656045/
|