Ուրբաթ, 22.11.2024, 10:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Հայերի մեջ ռոքն ու ֆոլկը բնական վիճակ են. Dogma
12:40
Հայերի մեջ ռոքն ու ֆոլկը բնական վիճակ են. Dogma
Dogma ռոք խումբ
Dogma ռոք խմբի բաս կիթառահար, խմբի պրոդյուսեր, «Վիբրոգրաֆուս» (VGS) ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ այս տարվա օգոստոսի 26-28-ը կանցկացվի Yerevan summer music festival-ը, որին կմասնակցեն ռոք խմբեր Հայաստանից, Դանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Վրաստանից։

-Ե՞րբ ու ի՞նչ պայմաններում ստեղծվեց խումբը:

-Մի փոքր հեռվից սկսելով ասեմ, որ Dogma-ի անդամներից իմ ու Հենո Գրիգորյանի՝ խմբի կիթառահարի համար սկիզբը MDP խումբն (1994-2007 թթ.) էր: Իր ձևի մեջ խումբը բացառիկ էր, քանի որ անգամ մութ ու ցուրտ տարիներին համերգներ էր ունենում: Հետո կարծես ինչ-որ չբավարարող բան կար։ Անելանելի վիճակ էր, և այդ ճգնաժամի պահին հայտնվեց Զառա Գևորգյանը՝ խմբի վոկալիստը։ Նա մեր մեջ արթնացրեց այն, ինչ կար՝ ֆոլկի ու ռոքի զգացողությունը: Կային բոլոր նախադրյալները, որ խթան հանդիսացան իմ ու Հենոյի համար: Մենք ստեղծեցինք նոր խումբ, որը չէր կարող լինել հնի շարունակությունը, որովհետև այստեղ ամեն ինչ հիմնված էր ֆոլկի, ֆոլկ մտածելակերպի վրա:

Dogma-ի միջոցով կարողացանք ավելի լավ արտահայտել մեր ազգային պատկանելությունը: Մեր ներսում մեր ազգին բնորոշ գծերն սկսեցին ի հայտ գալ: Դա մեզ միավորեց: Դա 2007թ. վերջն էր: Զարմանալիորեն խումբը, մեկ-երկու շաբաթում մի քանի փորձ անելով, ստացավ համերգային ծրագիր: 2008թ. հունվարի սկզբին արդեն ելույթ ունեցանք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային դահլիճում, հրավիրեցինք մեր ընկերներին: Բոլորի համար շատ զարմանալի էր մեր խմբի հանկարծակի կազմավորվելը: Կարելի է ասել, որ Dogma-ի ծնունդը ճակատագրական էր: Մեր խումբն ընտանիքի պես է։ Ամեն մեկը իր ձեռագիրն ունեցող մարդ է։

-Ինչո՞ւ խումբը կոչվեց Dogma:

-Բոլոր խմբերն էլ անուններ ընտրելիս հաշվի են առնում այն հանգամանքը, որ այն միջազգային ասպարեզում հեշտ արտաբերելի, հիշվող լինի: Մտածում էինք խումբն անվանել Dogma, բայց հարցական նշանով: Հարցականը կարծես սղվել է, բայց իրականում այդ հարցականը կա։ Կան հարցականներ դոգմաների հանդեպ՝ արդյոք պե՞տք են այդ դոգմաները, այդ նստվածքային արժեքները: Անվերջ կարելի է շարունակել Dogma-ի անվանման բացատրությունները: Ամեն ինչը պետք է լինի պարզ, կոնկրետ, ինչպես մեր երաժշտությունն է: Դոգմայի մի տեսակն էլ սա է՝ պարզ մոտեցում ամեն ինչին:

-Ի՞նչ ձայնասկավառակ է թողարկել խումբը:

-Առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2009թ., կոչվում է «Էթնիկ-մեթնիկ», երկրորդի վրա աշխատում ենք, ուզում ենք մինչև տարեվերջ ավարտել:

-Ինչպե՞ս կբնորոշեք Dogma-ի երաժշտությունը: Այն ի՞նչ տարրերի միախառնում է:

-Կարելի է ասել՝ էթնիկ մետալ, ֆոլկ մետալ: Հայերի մեջ ռոքն ու ֆոլկը բնական վիճակ են։ Պետք չէ ասել՝ մենք արևելյան ազգ ենք: Հայաստանն արաբական աշխարհի մեջ չի մտնում: Հարցն աշխարհագրական դիրքը չէ, մենք եվրոպական տեսակի մեջ ենք՝ անկախ քաղաքականությունից: Հայաստանը շատ խրոխտ է, հզոր ու լեռնային, այստեղ մարդիկ ավելի մտածող են, ավելի հոգևոր են ու ուժեղ կամքի տեր, այսինքն՝ դրայվ կա մեր մեջ, որը նստած է անգամ հասարակ մարդու մեջ: Մեր պարերում այնքան ուժ կա, որ դրանք, եթե վերածես ժամանակակից սաունդի, ռոք կստացվի:

Ռոք ասելով միայն ռոքնռոլը կամ բլյուզի ձևի վրա կառուցված ռոքը չպետք է հասկանալ: Դա հենց այն լավ, ուժեղ ռոքն է, որը կա մեր մեջ: Երաժշտության մեջ ամենակարևորն այսօր մարդու ականջին անսովոր ինչ-որ բան մատուցելն է: Մեզանում, ցավոք, մարդիկ ցանկանում են լսել այստեղից-այնտեղից թխած գործեր, իսկ դրսում վաղուց ամեն բակում նվագում են այդ երգերը: Դա արդեն երաժշտության ոլորտը չէ, այլ բիզնեսի: Մեր խմբի անդամները երաժիշտներ են, որոնք հաճույք են ստանում նվագելուց, ինչ-որ բան արարելուց: Մեր նպատակը մարդկանց զարմացնելը չէ:

-Ռոքի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է։

-Հիմա ավելի շատ մարդիկ են լսում ռոք, ռոքն ավելի պոպուլյար է դարձել: Հիմա մի աստիճան քայլ է կատարվել՝ բարձր են մատուցման մոտեցումները, կա սաունդի հետ կապված որակային քայլ։ Սակայն հիմա շատ երաժիշտներ՝ խմբեր, առանձին անհատներ, թողնում-գնում են Հայաստանից, ինչը ցավալի է: Ոչ ոք չի սպասում այստեղից գնացած երաժշտին։ Երկիրը փոքր է, պրոֆեսիոնալ առումով այդ երաժշտությամբ հնարավոր չէ ապրել: Եթե չգնաս վատ կոմպրոմիսների՝ ինչ պատվիրեն, այդ էլ նվագես, համերգներով կամ CD վաճառելով խմբերը չեն կարող գոյատևել, եթե զուգահեռ այլ բանով չզբաղվեն:

-Ռոքը Հայաստանում մրցունա՞կ է:

-Ռոքն ապրելաձև է, ապրելու տեսակ։ Պետք չէ սահմանափակումներ դնել, որովհետև ռոքը լայն հասկացություն է։ Եթե մարդը սիրում է կարտոֆիլ, չի նշանակում, որ ամեն օր պետք է ուտի։ Եթե սահմանափակումներ են առաջանում, արվեստը վերանում է։ Եթե մրցունակությունը դիտենք պոպուլյարության տեսակետից, միգուցե, բայց աշխատանքի ու նվագած երաժշտության առումով ավելի լավ դիրքերում է:

-2010թ. ստեղծված Ռոք ասոցիացիան ի՞նչ նպատակ ունի:

-Նպատակ ունի խմբերին հնարավորություն տալ ելույթ ունենալ, նվագել, այսինքն՝ լուծել թե՛ տեխնիկական, թե՛ մյուս բոլոր հարցերը։ Միգուցե գա ժամանակ, որ շեշտը դրվի մեկ խմբի վրա։ Փառք Աստծո, մի շարք պաշտոնյաներ՝ վարչապետը, էկոնոմիկայի նախարարը, քաղաքապետը, սիրում են ռոք երաժշտությունը, ուզում են այնպես անել, որ այդ ժանրը զարգանա։ Բայց ամեն ինչ չէ, որ պետբյուջեով պետք է արվի։

-Ի՞նչ ծրագրեր ունեք։

-Խոշոր նախագիծ կա, որին ամռանը կմասնակցի նաև Dogma-ն։ «Վիբգրաֆուսը» օգոստոսի 26-28-ը Երևանի ամառային երաժշտական փառատոն (Yerevan summer music festival) կանցկացնի, որին կմասնակցեն ռոք խմբեր Հայաստանից, Դանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Վրաստանից։ Կանենք հնարավոր ամեն բան` փառատոնը դառնա ամենամյա։ Ամեն խումբ կնվագի մոտ 40-45 րոպե։ Հայաստանյան խմբերից կմասնակցեն «Դորիանսը», «Բամբիռը»։ Սկզբունքն այն է, որ փառատոնին կմասնակցեն միջազգային չափանիշներին համապատասխան լավ խմբերը։ Մեր խմբերին հնարավորություն կընձեռվի ցույց տալ իրենց հնարավորությունները։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/29/dogma/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 818 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0