Գլխավոր » 2011»Օգոստոս»10 »
«Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիումի մասնակիցներն Արցախում են
19:11
«Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիումի մասնակիցներն Արցախում են
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է նկարիչների «Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիումի մասնակիցներին' Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, սիմպոզիումը, նախատեսված լինելով անցկացնել Հայաստանի տարբեր մարզերում եւ ավարտել մայրաքաղաք Երեւանում՝ ընդհանուր առմամբ քսան օրվա ժամկետում, մեկնարկել է Արցախի Հանրապետությունում, ուր արդեն երրորդ օրն է, ինչ ժամանել են նրա մասնակիցները' Հայաստանից, Ռուսաստանից (Սանկտ Պետերբուրգ) եւ Բելառուսից: Ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի նկարիչների միությունը, «Փյունիկ», «Լոռվա ձոր» հիմնադրամները: Այն ղեկավարում է Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Ավետիսյանը:
ԼՂՀ իշխանությունների, այդ թվում' խորհրդարանի անունից ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին' ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցն Արցախ, նշելով, որ այդ նախաձեռնությունը մշակութային, քաղաքական եւ այլ առումներով նշանակալի է ոչ միայն արցախցիների, այլեւ ողջ հայության համար: Ապա, պատասխանելով ներկաների հարցերին, նա հակիրճ ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմական եւ իրավաքաղաքական հիմունքները, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի հետեւանքներն ու արդյունքները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման ընթացքն ու հեռանկարները: