Ամեն անգամ նավարկության մեկնելիս իրենց հետ մեծ երազանք են տարել. Ջիբրալթարի վրա խաչ դնել` ի հիշատակ երկրագնդի անմեղ զոհերի:
«Արմենիա» նավի ղեկավար Զորի Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ ցանկությունը ծնվել է դեռևս 6 տարի առաջ, երբ Ջիբրալթարի կողքով անցել են առաջին անգամ:
«Իսկ այսօր ես չգիտեմ, թե նախանձից ինչ է կատարվում ինձ հետ»,- անկեղծացավ գրող, հրապարակախոսը` պատմելով, որ իրենց երազանքն արդեն իրականացրել է ռուս ծովային, բազմաթիվ անգամներ շուրջերկրյա նավարկություններ կատարած Ֆյոդր Կոնիխովը: Նա ռուսական խաչ է տեղադրել մի փոքրիկ մատուռում:
«Արմենիա» առագաստանավի անձնակազմին, սակայն, այդ փաստը չի հուսահատեցրել, ընդհակառակը: Հորն հրվանդանում, որտեղ հատվում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները, հայ նավարկողները տեղադրել են պատմական նշանակություն ունեցող մի խաչ և թողել հնգալեզու գրություն` «Այս խաչը բերել է Արմենիա առագաստանավի անձնակազմը` ի հիշատակ երկրագնդի անմեղ զոհերի»:
Խաչի պատմությունը ներկայացրեց Զորի Բալայանը. այն Բուենոս Այրես քաղաքում մի հայկական եկեղեցու գմբեթին է լինում: 1915թ-ի ջարդերի տարիներին թուրքերի կողմից սպանվում են նաև այդտեղ բնակվող շատ հայեր, հողին է հավասարվում հայկական եկեղեցին: Խաչը, սակայն, փրկող է լինում: Տարիներ շարունակ այն պահվում է մի հայի ընտանիքում: Տան տղամարդու մահվանից հետո, կինը որոշում է այն հանձնել հենց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:
«Այդպես այդ խաչը մենք տարանք Հորն հրվանդան, որտեղ հայտնվելն արդեն մեծ փորձություն է»,-ասաց Զ. Բալայանը` մեկնաբանելով, որ այդ հրվանդանը փոթորկաշատ է և շատ ծովայինների մահվան պատճառ է դարձել:
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/23/zori-balayan1/
|