Հետխորհրդային տարիների թատերական միջավայրը հարազատ էր Գուրգեն Մահարուն: 1924-1925 թթ. նա ուներ ազատ մուտք ներկայացումներին եւ գրում էր թատերախոսականներ, թատերական հոդվածներ: Ամփոփելով Երեւանի պետական թատրոնի երրորդ թատերաշրջանը, նա բնութագրեց եւ դերասաններին. «Հասմիկ, Արուս-Ոսկանյան, Փափազյան.- ահա անուններ, որոնց մասին կամ ոչինչ չպիտի ասել եւ կամ պիտի կրկնել այնքան ասված գովասանական խոսքեր: Պետթատերախմբի տաղանդավոր «չորեքնուկ»-ի մասին մենք հրաժարվում ենք խոսելուց, նրանք իրենց տեղն արդեն ունեն մեր բեմական ծաղկոցում» : [1]
«Արուս-Ոսկանյան»ի գծիկը հավանորեն ներառում էր «չորեքնուկում» դերասանուհու ամուսնուն` Հովսեփ Ոսկանյանին: Ավելի հետաքրքրական էր այն, որ 21 տարեկան Մահարին իրենից 15 տարով մեծ Փափազյանին բնորոշում էր մերօրյա «խոսք չկա՛» բառերով:
Շատ Օթելլոներ է տեսել Մահարին եւ միշտ աչքի առաջ ունեցել Փափազյանին: Գուրգեն Ջանիբեկյանի մասին նա գրել է ասես խուսափուկ` «Մեծ է Վահրամ Փափազյանի Օթելլոյի ազդեցությունը Ջանիբեկյանի Օթելլոյի վրա» [2], բայց տասնամյակներ անց վերհիշել. «Կարդացի մեծարանքի խոսքդ... Լավ եք անում, գրեք, մեծարեք, բայց որ մեկը վեր է կենում ու գրում է թե` «Ջանիբեգյանը... Օթելլո...», ֆլա՜ն, ֆստա՜ն... ամոթ չէ՞: Ես նրա Համլետը չեմ տեսել (երեւակայում եմ...), բայց ախր նրա «Օթելլոն» մի քստմնելի բան էր... քըս՛-տը՛մ-նելի՜... Ես ու Համոն [Սահյանը.- Գր. Ա.] նրանից լավ կխաղայինք» (Վ. Աճեմյանին, 9 հունիսի 1968 թ.):
Փափազյանի հետ կապն ամուր էր ու մշտական: Ազատության վերջին գիշերը Մահարին նրա հետ էր լուսացնում. «1936 թվականի օգոստոսի 9-ի գիշերը ես ձերբակալվեցի: Ինձ տարան «Ինտուրիստ» ռեստորանից: Վահրամ Փափազյանի եւ Հրաչյա Ներսիսյանի հետ կոնյակ էինք խմում եւ ձմերուկով թարմացնում կոկորդներս...» :
Ժլատ այս տողերից բացի կա եւ մանրամասնը. «...Երբ ես բացի «Ինտուրիստ» հյուրանոց-ռեստորանի ծանր դուռը եւ հայտնվեցի նրա վեստիբյուլում, ինձ թվաց, որ իմ ետեւից ներս մտան լուսինն ու երեք բարդիները.. .
- Ահա եւ մեր գիշերային շրջմոլիկը,- լսեցի գրեթե դատարկ ռեստորանի մի անկյունից ծանոթ մի ձայն,- մեզ մո՛տ, մեզ մո՛տ...
Մի սեղանի շուրջ նստած էր մեծանուն Վահրամ Փափազյանն իր գեղեցկուհի կնոջ եւ նորահաս աղջկա, Փարիզից նոր վերադարձած դերասան Լեւոն Հարութի եւ Հրաչյա Ներսիսյանի հետ:
- Մեզ մո՛տ, մեզ մո՛տ...
Նրանք ընթրիքը վերջացրել էին: Ես տեղ գրավեցի նրանց մոտ. իմ հոգում, ուղեղում, իմ ողջ էության ու արյան մեջ դեռ խոսում էր լուսինը, խարշափում էին երեք բարդիները ու այդ ներքին արբեցությանը խառնվեց ձմերուկի ու կոնյակի բուրմունքն ավելի մոտիկից զգալու եւ ճաշակելու սուր ցանկությունը: Ես պահանջեցի մի բաժակ կոնյակ ու ձմերուկ:
- Վատ չի մտածված,- ասաց Փափազը եւ պահանջեց նույնը:
- Ուր երկու խենթ` երրորդը չի խանգարի,- հանդիսավոր հայտարարեց Լեւոն Հարութը եւ պահանջեց նույնը...»:
Այդտեղ ընդհատվեց գրողի երիտասարդությունը: Վերադարձավ նա «ծերության սեմին»: Հարաբերությունները շարունակվեցին ասես ընդհատված կետից: Այդ է վկայում հետսիբիրյան առաջին գրքի «Թանկագին Փափազին» ընծայագիրը` «/Ադամյանին չեմ տեսել,-/Բայց մտածում եմ հիմա /Որ եթե նա եղել է քեզ նման /Լույս ու հանճար, /Արժանի է հիրավի /Քեզ նախորդող վեհ անվան,- /Երկուսդ էլ մեծ ու հզոր, /Անբավ, անհուն եւ անճառ...» [3] ((2 ապրիլի 1955 թ.):
Գրողների ու արվեստագետների մասին նույն ամռանը լույս տեսած «Էքսպրոմտներ»ում իր բաժինն ուներ եւ Փափազյանը. «/Ծնվել է նավի վրա, /Դարձելՙ նավապետ, /Մելպոմենյան տաճարի /Քրմապետ, ասպետ» : [4]
Փափազյանը ամենահաճախակի հիշատակվող ժամանակակիցներից էր Մահարու այլաժանր գործերում: Ահա անհայտ կամ հայտնի թատերախոսի մասին վաղ ֆելիետոնը` «Երեւան է ժամանում Փափազյանը, նրա գալուց առաջ ռեցենզենտ Յաղությանը մի քանիսի ռեցենզիաներ արդեն... պատրաստել է այնպես, ինչպես Գուրգեն Մահարին եւ Նաիրի Զարյանը Կապսը չտեսած Շիրջրանցք են երգում» , [5] ահա մանկական պատմվածքը` «Ինչ խոսք, որ այն պիոները, որն ուզում է գրող դառնալ, ուզում է Չարենցի պես գրող դառնալ, եթե նկարիչ` Սարյանի պես, եւ եթե երաժիշտ` Կոմիտասի, Խաչատրյանի, եթե դերասան` Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի պես...» , [6] ահա սիրային պատմվածքը` «Կինո էինք գնում միասին, Կոմայգի, Սպենդիարյանի համերգներն էինք լսում. մի երկու անգամ` Պետթատրոն գնացինք, նայեցինք Փափազյանի «Օթելլոն», Մուրադյանի «Քաջ Նազարը» [7], Վիլնյուսում զրուցում է Իգոր Իլյինսկու հետ` «Ես ժպտում եմ, բայց իմ մտքերն էլ տխուր են նրա աչքերի պես,- ինչո՞ւ են ծերանում մեծ արվեստագետները: Ինչո՞ւ ծերացավ Իլյինսկին, Փափազյանը...» [8]: Իսկ մահարիական քանդակնե՞րը` «...Ցայտաղբյուրի առաջ խոնարհում են իրենց գլուխները պիոներն ու ակադեմիկոսը, Ալբերտ Ազարյանն ու մթերային խանութի դիրեկտորը, մինիստրն ու կառուցող բանվորը, Վահրամ Փափազյանն ու ծաղիկ ծախող Ղարաբալան, բոլորը, բոլորը խոնարհվում են ցայտաղբյուրի առաջ... Նախանձում եմ քեզ, ցայտաղբյուր...» , [9] «Վերցնենք Օհան Դուրյանին եւ ետ գնանք դեպի քսանական թվականները, երբ սովետական ժողովուրդը ողջունեց հայկական Մելպոմենի երկու շողշողուն աստղերին, երկուսն էլ Բոսֆորի ափերից: Արուս Ոսկանյան եւ Վահրամ Փափազյան» : [10]
...Ես հիշում եմ օրերը, երբ լույս տեսավ «Հետադարձ հայացքի» առաջին հատորը: Երեւանը նման էր մեղվի անհանգիստ փեթակի: Բեսերին, սիրասներին ու քոչարներին վարժված ընթերցողը հանկարծակիի եկավ դերասանի լեզվի բարձր մակարդակից: Մահարին գրախոսեց ու բողոքեց. «...Ամբողջ գրքում չկա մի խոսք, թե ովքե՞ր են նրա գրական ուսուցիչները եւ ինչպե՞ս նա գրող դարձավ: Սա ի՞նչ է, համեստությո՞ւն, թե՞ անհամեստություն... Բայց Փափազյանը կարիք չունի ոչ մեկին, ոչ մյուսին, ավելի լավ է անկեղծորեն խոստովանի, թե ինչպե՞ս դարձավ այսքան հյութեղ, լիարյուն գրող...» : Հարցը հռետորական էր, քանի որ պատասխանը սարերի ետեւում չէր. «Վաղ պատանեկությունից, ուսումնասիրելով համաշխարհային արվեստի եւ գրականության կորիֆեյների վաստակներն ու գործերը, յուրացնելով Շեքսպիրը, Մոլիերը, Փափազյանը, ինքն էլ չգիտակցելով, օժտել է իրեն գրական ճաշակով եւ արտահայտչական կարողությամբ: Այդ ճաշակով եւ այդ ուժով էլ գրված է այս գիրքը» :
Եկել էր առիթը համեմատելու դերասանին ժամանակակից գրողների հետ. «Համարձակ կարելի է պնդել, որ նա չգերազանցված անհատականություն է, որից շատ բան ունեն սովորելու ոչ միայն Մելպոմենի քրմերը, այլեւ հաստ վեպեր թխելու եւ շտապով լույս աշխարհ հանելու հիվանդությամբ տառապող մեր այն գրողները, որոնց գրքերը հիշեցնում են չոր, ամայի անապատներ, ուր չկան պատկերավոր խոսքի ո՛չ մի ծաղիկ, մեր կյանքի ճանաչողությունն ընթերցողի սրտին ու մտքին հասցնող ո՛չ մի օազիս» :
Իր կյանքից գրականություն հյուսող Մահարին չէր կարող չնշել գրքի մի առանձնահատկությունը եւս. «Մենք չգիտենք, թե մեր սիրելի հեղինակն իր «մեղքերի» քանի՞ տոկոսն է խոստովանել գրքում, բայց այն, ինչ խոստովանել է, խոստովանել է ամենայն անկեղծությամբ... Դժվար, շատ դժվար գործ է «խոստովանել» եւ մինչեւ վերջ անկեղծ լինել: Փորձով գիտեմ...» : Եվ միշտ չէ, որ խոստովանելը թողություն է. «Հիմա, երբ այս ամենը հեռավոր անցյալ է, մենք ժպիտով ենք կարդում այս տողերը եւ ներում ենք Փափազյանին, բայց իր ժամանակին նրան ներե՞լ են արդյոք Գոնչարովան եւ Նինան... Կասկածում ենք» :
Մահարու շատ գործերում են իրար հյուսվում ժանրերը: Գրախոսականն ավարտվում էր գրողի ու դերասան նովելային հանդիպումով. «...Կիեւյան նոր փողոցը ահա մի քանի տարի է, ինչ կապված է քաղաքին ավտոբուսային կանոնավոր երթեւեկությամբ: Փափազյանը քաղաք է գնում: Ես նրան խորհուրդ եմ տալիս ավտոբուսով բարձրանալ «յոխուշը» (բարձրությո՞ւն երեւի... չգիտեմ ինչո՞ւ այդ բառը հիշեցի...), որից հետո հեշտ է տաքսի գտնելը: Նա սրտանց ծիծաղեց իմ «յոխուշի» վրա եւ համաձայնվեց .
- Այո, դժվարը «յոխուշը» բարձրանալն է:
Հրաժեշտ եմ տալիս: Ավտոբուսն իր մեջ առած Փափազյանին բարձրանում է: Այո, հեշտ է բարձունքին հասնելուց հետո, բայց որքան դժվար է նրան հասնելը, մանավանդ երբ նրան հասնում ես ջանքով, աշխատանքով, համառությամբ, պայքարով, սեփական ոտներով եւ ոչ թե... ավտոբուսով»: [11]
Նույն ոգին ուներ եւ երկրորդ հատորի գրախոսականը. «Լույս է տեսել, այժմ արդեն Գրողների միության օրինական անդամ, ուրեմն` սովետահայ գրող Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» աշխատության երկրորդ գիրքը: Նրա առաջին գիրքը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես մեզ մոտ, այնպես էլ սփյուռքում: Օրինաչափական երեւույթ: Լավ գործը չէր կարող անարձագանք մնալ մանավանդ մեր օրերում: Եղան եւ մարդիկ, ճիշտ է փոքրաթիվ, որոնց ականջին «ախորժալուր» չթվաց այդ գործը... Ի՞նչ անենք. «Ճաշակի խնդրոց մեջ ճշմարտությունն միշտ ծակամուտ կպահվտի».- ասել է անմահ Պարոնյանը: Բայց որ ամենքի համար անակնկալ էին Փափազյանի գրական կարողությունները, որոնք շողշողում են նրա ինչպես առաջին, այնպես էլ այս գրքում, ոչ ոք հանձն չառավ վիճարկելու» :
Նոր հատորը նոր առիթ էր խոսելու ժամանակակից արձակի մասին. «Կան հնարանքներ եւ փայլուն հնարանքներ, որոնց կնախանձեին բազում հաստափոր գրքերի բազում հեղինակներ, որոնց գրքերը մինչեւ վերջ կարդալու համար հարկավոր է ունենալ երկաթե տոկունություն, գրքեր` զուրկ ավյունից եւ արյունից, որոնց մեջ չի տրոփում ոչ մի սիրտ, որոնց էջերում համբերատար ընթերցողը զուր է փնտրում կենդանի մի մարդ, կենդանի մի խոսք, կենդանի մի գույն...» :
Եկել էր ժամանակը խոսելու եւ վրիպումների մասին. «Ինչպես հեղինակի առաջին, այնպես էլ երկրորդ գրքում կան կարեւոր եւ անկարեւոր զանցառություններ, որոնք կարող էին գրքում տեղ չգտնել... Անբավարար են Փափազյանի գնահատականները առաջին եւ երկրորդ Պետթատրոնի մի շարք դերասանների մասին. նրա տված գնահատականները հակասական են, թերի, չորացրած թերագնահատության հովի տակ: Այսպես են Հր. Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Ամերիկյանի եւ բազում ուրիշների գնահատականները: Գրքում պետք եղածից շատ է կարծես անհատական կամ մասսայական «փափազյանիստկաների» միջամտությունը: Չենք վիճում, գուցե նա պատմական իրավունք ձեռք բերել է կատարելու համար վերոհիշյալ զանցառությունները... սակայն մեծ արվեստագետն ավելի կշահեր, եթե նա չօգտվեր այդ իրավունքից...» : [12] Թերագնահատվածների ցանկը լրացվում էր Թաթիկ Սարյանով, Դավիդ Մալյանով, Մետաքսյա Սիմոնյանով...
Եթե ինձ առաջարկվեր ընտրություն կատարել Մահարու գրախոսականների միջեւ, ես սեւակյան գրախոսականներից հետո կվերցնեի «Հետադարձ հայացքի» զույգ գրախոսակաները: Բնական է: Թույլ գրքի մասին ուժեղ գրախոսական չի գրվի: Պարույր Սեւակի եւ Փափազյանի գրքերը երեւույթ էին մեր գրական կյանքում:
Չէր հասցրել մարել երկհատորյակի եւ դրանց գրախոսականների արձագանքը, երբ լույս տեսան «Փափազյան-քանդակներ»ը, որտեղ նշվեց դերասանի մարդկային բարդ կերպարը. «Եվ ինչպես նրա խաղացանկը, այնպես էլ նրա կյանքը հարուստ է եղել, հագեցած հակասություններով եւ մեծ հակասությունների մեծ ներդաշնակությամբ: Մեծ կոնֆլիկտների մի բարդ հյուսվածք է մեր արվեստագետը» : [13]
Եթե գրախոսականներում խոսքը գրողի մասին էր, ապա քանդակներում շոշափվեց եւ դերասանը... տարիքային գործակցի կիրառումով. «Հոգնա՞ծ է նրա Օթելլոն, գուցե, բայց եթե նրա ամբողջ խաղում գտնես թեկուզ մի զարդաքանդակ, որը հիշեցնում է քեզ նրա երբեմնի կառույցի վեհությունն ու շքեղությունը, արժե՛ տեսնել նրա «հոգնած» Օթելլոն: Իսկ այդ զարդաքանդակները շատ են: Նրա Օթելլոն դեռ փուլ չի եկել, կան ճեղքվածքներ» :
Անենք ենթադրություն, որ Փափազյանին դուր չի եկել մեծ ճշմարտություն պարունակող տարիքային այս փոքր ակնարկը: Որքան էլ քանդակներն ավարտվեին հաճոյախոսականներով, մեկ է, նստվածքը պիտի մնար:
Հոբելյանական նույն օրերին լույս տեսավ դերասանին նվիրված ալբոմ, որի առաջաբանն էլի Մահարունն էր. «Կան մեծություններ, որոնց մոտ «մեծ» կոչված այս բազմաչարչար ածականը շատ է փոքր: Այդ մեծություններից է մեր այսօրվա ժողովրդական պսակավորը... բեմական արվեստի այս անկրկնելի մեծությունը, որը բոլորիս նման կրում է սովորական անձնագիր եւ որի վրա նշված է "Վահրամ Փափազյան"» : Վերջին պատկերը նույնպես կասկածելի կթվար հոբելյարին. «Այսօր մենք տոնում ենք Վահրամ Փափազյանին, ծովի նման անհանգիստ, նրա նման հարուստ մեծ արվեստագետին եւ թող թեթեւ լինեն... փրփուրները նրա վրա» : [14]
Զարմանալի նման էին Փափազյանի եւ Սեւակի արձագանքներն իրենց մասին գրված տողերին: Երկուսի համար էլ օդի նման բնական էր կոմպլիմենտը եւ անընդունելի` կոմպլեմենտայինը: Որքան էլ Մահարին շեշտեր գլխավորը` նրանք սեւեռվում էին երկրորդականի վրա: Խորհրդային տարիներին Փափազյանը խորթացել էր դիտողություններին, եթե միայն երբեւե եղել էր վարժ դրանց: Նա, ով ծանոթ է սփյուռքահայ դերասան Եդ. Չափրաստի գրառումներին, [15] կհամաձայնվի, որ անհանդուրժողականությունը ամենամեղմ թուլությունն էր կիսաստված Փափազյանի...
Գրական վարպետի դիմակին վարժված Փափազյանը փորձեց իր ուժերը նաեւ թատերգության ժանրում եւ «Վարժապետը» խորագրով պիեսը հանձնեց Պետհրատ: Վերջինս, չհամարձակվելով մերժել անվանի դերասանի թույլ պիեսը, մտադրվեց Մահարուն ներքաշել տհաճությունների մեջ, այլապես դժվար է բացատրել, թե ինչու Փափազյանին հայտնվեց գրախոսի ազգանունը, իսկ Մահարուց գաղտնի պահվեց հեղինակը: Հաշվարկն անվրեպ էր: Կամ Փափազյանը պետք է բանակցեր Մահարու հետ եւ վերջինս իր հեղինակության հաշվին կհարթեր օրապակաս գործի ճանապարհը, կամ պիեսը կմերժվեր եւ... շագանակը կրակից կհանվեր Մահարու ձեռքերով: Փափազյանը ոչինչ չձեռնարկեց` վստահ, որ դրա կարիքը չկար: Ըստ սովորույթի` եթե հեղինակը հայտնի անձնավորություն էր, ապա գրախոսին «բարեկամաբար» հայտնվում էր նրա անունը: Փափազյանի մտքով չէր անցնի, որ ի՛ր անունը, «գլուխ-գործոցի» հեղինակի անունը կպահվի գաղտնի:
Հրատարակչական խաղին անտեղյակ Մահարին գրախոսեց պիեսը խղճի եւ գրականության մտոք.
«Ես չգիտեմ, ով է այս «թատերգ» կոչված ցնդաբանության հեղինակը, բայց եթե ես ծանոթ լինեի նրա հետ, կասեի նրան մոտավորապես հետեւյալը.-
Թատերգությունը, դրամատուրգիան գեղեցիկ գրականության ամենադժվարին ժանրն է: 70-80 մեքենագրական էջերի վրա տալ ամբողջական եւ ամբողջացած գործ, որտեղ հանդես գան մարդիկ իրենց կրքերով, բախումներով, որն ունենա կոնֆլիկտ եւ լուծում, հակասություններ եւ մեծ ընդհանրացումներ, իդեական նպատակասլացություն, մտածելու, հուզելու, դաստիարակելու, կյանքը ճանաչելու ուժ եւ կարողունակություն... Ճիշտ է, քո պիեսը ժամանակակից պիեսների ծավալային սահմաններից դուրս է եկել եւ նվաճել շեքսպիրյան պիեսներին մոտեցող սահմանները, սակայն, ավա՜ղ, մաքսիմում քանակը զուրկ է ամենամինիմում որակից... 124 էջերի վրա փռված քո «վարժապետը», ինչպես եւ մնացած գործող անձինք արհեստական խրտվիլակներ են, սակայն կան խրտվիլակներ, որոնք զուրկ լինելով շունչ ու հոգուց, գոնե ունեն արտաքին, տեխնիկական նմանություն մարդու հետ: Ո՜վ հեղինակ «Վարժապետ»ի, քո խրտվիլակներն անգամ խրտվիլակներ չեն եւ եթե նրանց փորձես տնկել բանջարանոցում, ոչ մի հիմար թռչուն չի շփոթի նրանց մարդու հետ...
Ինչի՞ վրա է հյուսված քո գործը, ով դրամատուրգ, այդ ի՞նչ «լեզվաբանական հայտնության» մասին է խոսքը, ինչո՞ւմն է կայանում այդ «հայտնությունը», որի մասին խոսում են սկզբից մինչեւ վերջ եւ ոչ դու, ոչ էլ ընթերցողը չեն կարող մոտավորապես գլխի ընկնել այդ հայտնության էությունը: Սակայն մի տեղ վարժապետը կարդում է այդ հայտնության «էության մասին» . բանից դուրս է գալիս, որ վարժապետը, իր կինը եւ աշխատակիցը (Ալեքսեյ) «ավելի քան տաս տարի» աշխատում են եւ կազմում են «մեր հինավուրց լեզվի լիակատար բառարանը եւ այդ լեզվի օրենքները մանրամասնող ու նրանց բացատրող համազգային քերականությունը` առիթ տալով սրանով ի մի ձուլել մեր լեզուն, ջնջելով իսպառ լեզվական հատվածականությունը, ինչպես եւ բարբառային բաժանմունքը...» եւլն. եւլն.: Մեր վարժապետը ուզում է կարդալ այս ֆենոմենալ աշխատությունից մի քանի էջ, քարտուղարուհին գնում է, բերում այդ էջերը, վարժապետի կինը ցանկանում է ինքը կարդալ, հյուրերը լսում են եւ ահա`
Կինը.- (Կարդում է.- Գ. Մ.) Այսօր մայիսի 24-ին ուշ տուն վերադարձավ... Երկար սպասելուց հետո նախագավիթում նրա վերադարձին խորը քնել էի բազկաթոռի մեջ եւ ահա զգացի մազերիս վրա նրա մատները... Գուրգուրոտ մատները սիրելի վարժապետիս եւ նրա շոյող հայացքի ջերմությունը.. .
Թվում է թե ամեն ինչ պարզ է, քարտուղարուհու եւ վարժապետի միջեւ գոյություն ունի սիրային կապ, այստեղ լավագույն դեպքում կինը պիտի ուշաթափվի (բեմի վրա դա անխուսափելի է), վարժապետը, հյուրերի, կնոջ, որդու ներկայությամբ դիմազերծված վարժապետը սրտի պայթյուն պիտի ստանա (այդ էլ է պատահում բեմի վրա...), իսկ քարտուղարուհին իրեն պատուհանից վար նետի («Մնաս բարով, կյանք, ես չեմ կարող ապրել առանց վարժապետիս գուրգուրոտ մատների եւ շոյող հայացքի ջերմության...»). այսպիսով 8-րդ էջի վրա պիտի վերջանար այս տրագիկոմեդիան: Սակայն ոչ, մենք գործ ունենք «թատերգ»ի հետ. թատերգը շարունակվում է.-
Վարժապետ.- Սխալ է, դա իմ ձեռագիրը չէ:
Իսկ կի՞նը. դրամատուրգին հարկավոր է, որ նա լինի մի կատարյալ տխմար.-
Կինը.- Արդարեւ, ներողություն եմ խնդրում. սա ձեռագրի մեջ ինչ-որ մոռացված էջ է:
Իսկ քարտուղարուհի՞ն... ահա եւ նա.-
Քարտուղարուհի.- (Շփոթված եւ ամոթից մինչեւ ականջները կարմրած) Օ՛, ներողություն, սխալվել եմ, դա իմն է, աստված իմ, ինչ անհեթեթություն...
- Աստված իմ, ինչ անհեթեթություն...- կրկնում ենք մենք դրամատուրգի հասցեին...
Հետագա 115 էջերը նվիրված են այն բանին, թե ինչպես մարդ ու կին որոշում են քարտուղարուհուն ամուսնացնել աշխատակցի հետ, թե ինչպես աշխատակիցը գլխի է ընկնում (???) որ խաբված է, թե ինչպես վերահասու է լինում, որ վարժապետը եւ քարտուղարուհին շարունակում են իրենց մեղսավոր կապը, թե ինչպես աշխատակիցը եւ վարժապետը մենամարտում են (այո՛, այո՛...), խաբված ամուսինը ծանր վիրավորում է վարժապետին, թե ինչպես հետո զղջում է.- «Ներիր, օ՛, ներիր, ներիր (գլխովը ծեծում է հատակը...)» ,- թե ինչպես մեռնելուց առաջ վարժապետը կտակում է, որ բոլորը հաշտ ապրեն եւ լրացնեն մեծ, լեզվաբանական-գիտական աշխատանքը, որից հետո`
Ալեքսեյ.- (Նետվում է դեպի վարժապետը ու գրկում նրան, իսկ վարժապետը մի երկար խռմփոցից հետո (այսպես էլ գրված է.- Գ. Մ.) տարածվում է նրա ձեռքերի մեջ (?) եւ մի րոպե անց արդեն անշարժանում է):
Վերջացա՞վ, ո՛չ, դեռ քաշելիք ունենք, սենյակը լեցվում է մարդկանցով, աշակերտներով (!), «բոլորը լաց են լինում, կինը մոտենում է ամուսնու դիակին.- Հայկ, Հայկ, հիմա լսիր մեր երկուսի երդումը, եթե կարող ես (խե՜ղճ Հայկ, դրամատուրգը թողե՞ց, որ «կարողանա»...- Գ. Մ.): Մոտ եկ, Ալեքսեյ, ձեռքդ, ձեռքդ դի՛ր այս մեծ սրտի վրա (Ալեքսեյը մոտենում է ու ձեռքը դնում է վարժապետի սրտին): Ահա երկուսով երդվում ենք բոլորիդ առաջ, որ հնազանդվում ենք մեր ուսուցչի կամքին... անձնազոհություն այս գործի համար, ինչպես եւ կատարվածը մոռանալու բարձր (!) քաջություն... (ասելով այս խոսքերը թավալվում է ուշագնաց եւ ընկնում աշակերտների բազուկների մեջ...) :
Վարագույր: Ահա ինձ անհայտ «դրամատուրգի» «թատերգը»: Ընթերցումը վերջացնելուց հետո նայում ես շուրջդ եւ ուշագնաց չլինելու համար ուզում ես ընկնել ուժեղ «բազուկների մեջ», որովհետեւ ապշեցուցիչ են հեղինակի հնարանքները. այսպիսի անհեթեթ, սումբուրային, անբանական գործ ստեղծելու համար հիրավի պետք է օժտված լինել արտակարգ, արտառոց կարողությամբ, մի կարողություն, որը առիթ է տալիս մի անգամ եւս մտածելու թե ինչերի՜ է ընդունակ մարդկային ուղեղը...» [16]:
Որ գրախոսականը հետեւանք էր սադրանքի, վկայում է արվեստի վարչության պետի տեղակալ Արտաշես Բաբայանի` նույն ֆոնդում պահպանվող բացատրականը.
«...Մի օր ինձ մոտ բերեց մեծատաղանդ դերասան, ինչպես եւ գրող Փափազյանն իր «Վարժապետը» թատերգությունը: Ես խոստացա կարճ ժամանակում ծանոթանալ եւ տնօրինել: Այդ օրը նա մեկնում էր Լենինական... Չգիտեմ ինչու, ես կասկածեցի պիեսի հաջող լինելու վրա եւ այդ պահին մի չարաճճի միտք հղացավ իմ մեջ: Ես հիշեցի, որ Մահարին «Սովետական արվեստ» ամսագրում Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքի մասին մի հոյակապ հոդված էր գրել: Հոդվածը, որքան հիշում եմ, սկսվում էր մոտավորապես այսպես` «թե առանց իմանալու գրքի հեղինակի անունը, անմիջապես ենթադրում ես, որ նա թատրոնի խոշորագույն վարպետ է եւ թատրոնի մասին անսպառ գիտելիքների տեր» [17]: Ասացի, վարպետ, ես ուզում եմ պիեսը ուղարկել Մահարուն գրախոսելու:
Փափազյանը շատ ուրախացավ: Բազմաթիվ գովեստներ շռայլեց Մահարու հասցեին` ասելով, որ նա ամենամեծ գրողն է մեր գրագետների մեջ... եւ գնաց, ասելով, որ մի շաբաթից կգա...
Փափազյանի գնալուց հետո զանգահարեցի Մահարուն, խնդրելով, որ նա գրախոսի մի «արտակարգ» պիես, որի հեղինակը, իբր, չգիտեմ ով է (անվանաթերթը, իհարկե, փոխել էի...):
Այդ օրը ես ծանոթացա պիեսին եւ սարսափեցի... Այնուամենայնիվ պիեսը ուղարկեցի Մահարուն եւ խնդրեցի, որ երկու օրում ուղարկի գրախոսականը: Մահարին, բնական է, չիմանալով թե հեղինակը ով է, գրեց իր կարծիքը եւ ուղարկեց ինձ ձեռագիր վիճակում:
Մի քանի օրից վերադարձավ Վահրամ Փափազյանը: Ես վախվխելով, տատանվելով, ի վերջո որոշեցի գրախոսականի մեքենագրված օրինակը տալ Փափազյանին: Նա կարդաց գրախոսականը, ընթերցելիս ես նկատում էի նրա հուզմունքը, ձեռքերի դողոցը, եւ երբ ավարտեց ընթերցումը... «նախշեց» Մահարուն ամենասարսափելի հայհոյանքներով... Փափազյանին հիշեցրի իր «Հետադարձ հայացքի» մասին Մահարու գրած սքանչելի հոդվածը... Փափազյանը ձեռքի գրախոսականը պատռեց, ինձ էլ հայհոյանքից պակաս չթողեց ու գնաց: Հետո իմացա, որ Վարդան Աճեմյանը Մահարուն ասել է իմ սարքած «օյինի» մասին: Մահարին իրեն վատ է զգացել...»:
Գրված է ավելի քան երեք տասնամյակ անց` «Հայաստան» հրատարակչության պատվերով:
Միջադեպի վրա էր կառուցված Ն. Զարյանի «Պաշտամունքի զոհը» վոդեւիլը [18]: Գլխավոր հերոսի` Արշամ Պառնասյանի նախատիպը կասկած չի հարուցում անուն-ազգանունով եւ բնորոշ խոսելաձեւով («- Տղա՛ս... աղջի՛կս...»): Կոմիկական է փորձանքի մեջ ընկած գրախոսը:
1961 թվականին լույս տեսավ «Անմահության դայակները» ֆելիետոնը` տպագրության ներկայացված եւ մերժված մի գրքի մասին, որի հեղինակը` Տիգրան Բակուրը, գնացել էր միջնորդությունների հավաքման ճանապարհով. «...Եվ վերջապես կարդանք մեծահամբավ արվեստագետի անմահության ուղեգիրը. "Անակրեոնի ոճով գրված այս պոեմը ոչ միայն պատիվ է բերում մեր բանաստեղծության, այլեւ վստահ եմ, այս պոեմը կպահե մեր լեզուն ու կպահե մեր քնարերգության գեղեցկությունները գալիքներին: Երջանիկ եմ, երիտասարդացա, որ Բակուրի պես մի տաղանդ ունենք"» :
Անմահության կամ «անհամության» ուղեգիրը տվել էր Վահրամ Փափազյանը: Հանուն գրականության` Մահարին չխնայեց նրան:
Շատ բան էր գրված Մահարու ճակատին, այդ թվում եւ այն, որ որպես ավագ նա պետք է լիներ հանդուրժող կրտսերի, իսկ որպես կրտսեր` ավագի նկատմամբ: Ապացույցն այս ամենին հաջորդած «Մեր նշանավորները» շարքի դիմանկարն էր, որտեղ մի անգամ էլ արժանին մատուցվեց գրող-դերասանին. «Մեծ արտիստ Վահրամ Փափազյանի գործունեության անսահման սահմանները գոնե մոտավոր կերպով ընդգծելու համար, հարկավոր է ունենալ գրող Վահրամ Փափազյանի գրիչը, որից, ավա՜ղ, մենք զուրկ ենք: Երեք հազար անգամ Օթելլոյի դերում հարյուրավոր արժանավոր եւ անարժան դեզդեմոնաներ խեղդելուց հետո, իր կյանքի փառահեղ վերջալույսին նա նայեց իր շուրջը` տեսնելու համար այն պատմաբանին, որը կոչված պիտի լիներ գրելու իր կյանքի եւ ստեղծագործության պատմությունը: Պատկերը հուսահատական էր, բոլոր պատմաբանները խոսքները մեկ արած զբաղված էին մեռած մեծություններով, անտեսելով ապրող, կենդանի մեծությունները.- Ես ի՛մ ձեռքով կգրեմ իմ պատմությունը,- բացականչեց մեծ արվեստագետը եւ գրեց իր «Հետադարձ»ները, որը չենք կասկածում, սերունդները սիրով կկարդան, գոնե մասամբ գաղափար կազմելու համար երեք հազար օթելլոներից մեկի, եւ դերասանական գրիմից դուրս անհուն Վահրամ Փափազյանի մի փշուրի մասին» 19:
Փափազյանը մահացավ Մահարուց մեկ տարի շուտ` 1968 թվականի հունիսին: Մահարին քաղաքում չէր եւ արձագանքեց նամակներում. «...Խե՛ղճ Փափազ, մե՛ծ Փափազ... էլ ինչո՞ւ խեղճ, պիտի հարցնես.- մահվան դեմ,- պիտի պատասխանեմ,- մահվան դեմ բոլորս էլ խեղճ ենք... Սարա Բերնար թե Թութուշիկ Պարոնիկյան, Փափազյան թե Հրաչիկ Ղափլանյան...», «Փափա՞զը. չսխալվես. նա մեռնող մարդ չէ: Գնացել է էն աշխարհը գաստրոլների...», «Փափազն էլ գնաց: Էլ ո՞վ մնաց... Ինչո՞ւ էր գնացել Լենինգրադ, ինչպե՞ս թաղեցիք...» : Թե կուսակցական-պաշտոնական ո՞ր սանդղակով էր թաղվել Փափազյանը, հետաքրքրում էր այնքան, որ նա հայրաբար նախատեց այդ օրերի երեւանյան իր միակ թղթակցին` Նորայր Ադալյանին. «Ի՜նչ զարմանալի Նորիկ ես եղել, ես` բեխաբար. մեկ տեսար նամակ ես գրում ու չորս օր թողնում սեղանին, մեկ էլ մի նոր նամակ ես գրում ու փոխանակ մի քանի ժամ թողնելու եւ գնալու Փափազի թաղմանն ու վերադառնալու` մի քանի տող էլ այդ մասին գրելու` հայ-հավար փոստ ես վազում... Չգիտեմ, ես քանի՞ պիտի պետության հացն ուտեմ ու քեզ ու քո շեֆերին խոսք հասկացնեմ... Բռով սիսեռ` պատն ի վեր, պատին սիսեռ կմնա՞...»
Արձագանքը միայն նամակներում չէր. «Փափազի մասին մի պուճուր բան ուղարկեցի Բայանդուրին... Պուճո՛ւր: Կստանա՜-չի ստանա՜... Կտպի՜-չի՜ տպի...» :
Այդ ամառը երեւանյան մամուլը փակ էր Մահարու առաջ այնքան ամուր, որ նա ստիպված էր թերթում իրեն ուղղված «Բաց նամակին» փակով պատասխանել: Դա էր պատճառը «Սովետական արվեստ»ի խմբագիր Սարգիս Բայանդուրին գրված կարճ, ենթատեքստով նամակի. «...Եթե բանի պետք է, տպիր... Տպելու դեպքում խնդրում եմ քեզ` չկրճատել... Չստանալու դեպքում խնդրում եմ տեղակացնել... Ես ամեն ինչ հասկանում եմ, ՌոՏ... ես հին հասկացող եմ... այո՜...» :
Նյութը լույս չտեսավ: Բնագիրը ներկայումս համարվում է կորած: Բայց որ խմբագիրն այն ստացել էր, վկայում է Լեւոն Հախվերդյանին գրված նամակը. «Գրում ես, որ Փափազի մասին գրածս «համով էր», բայց «մի լավ խուզեցի». գլուխդ Սարինյանի գլխով ես տվել, որ «խուզել ես», էն էլ "մի լավ"...» (13 հուլիսի 1968 թ.):
Դերասան-գրող հարաբերությունները հաճախ են մթագնվում փոխադարձ խանդով: Չնայած ազգակցական սերտ կապին Շիրվանզադեն եւ Աբելյանը այդպես էլ չեկան ընդհանուր հայտարարի, թե ի վերջո` ով է ում պարտք: Նման համբուրգյան հաշիվներ Մահարին ու Փափազյանը չունեին, եւ եթե առիթով գրողը դերասանին ներկայացրել է պահանջներ, ապա միայն` գրականության բարձր շահերից: Մնում է ափսոսալ, որ Փափազյանն ընդհանրապես լռել է Մահարու մասին: Մարգարեն համբավ չունի իր ապրած ժամանակում...
Ծանոթագրություններ
1. «Բանվոր», Լենինական, 1924, 16 ապրիլի, թ. 159:
2. Օթելլո: «Խորհրդային Հայաստան», Եր., 1934, 24 ապրիլի, թ. 99:
3. ԳԱԹ, Վ. Փափազյանի ֆոնդ, թ. 637:
4. «Սովետական արվեստ» («Ս. Ա.»), Եր., 1955, հունիս, թ. 1, էջ 40: Ըստ «Հետադարձ հայացքի»` Փափազյանը ծնվել է նավի վրա:
5. Ռեցենզենտը (Դիմագծեր): «Շեշտ», Եր., 1923, 3 հունիսի, թ. 1:
6. Դողը: «Պիոներ», Եր., 1961, թ. 3, մարտ:
7. Թյուրիմացություն: «Գրական թերթ», Եր., 1955, 25 դեկտեմբերի, թ. 47:
8. Լիտվական տպավորություններ: "Литературная Армения", 1959, N 1:
9. Ցայտաղբյուր: «Ս. Ա.», Եր., 1957, հուլիս, թ. 7, էջ 76-77:
10. Հյուրը, որը տանտեր դարձավ: «Երեւան», Եր., 1958, 1 հունվարի, թ. 1:
11. Մեծ ճանապարհորդի հետադարձ հայացքը: «Ս. Ա.», Եր., 1956, թ. 7-8, հուլիս-օգոստոս, էջ 91-95:
12. Երկրորդ գիրքը: «Ս. Ա.», Եր., 1958, մարտ, թ. 3, էջ 72-75:
13. «Ս. Ա.», Եր., 1959, ապրիլ, թ. 4, էջ 61-62:
14. Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆոնդ 1116, ցուցակ 1, գործ 173:
15. «Հայրենիք», Բոստոն, 1958, 25, 26, 28-30 Հոկտ., 2 Նոյ., թթ. 14.137-14.141, 14.144:
16. ԳԱԹ, Վ. Փափազյանի ֆոնդ, թ. 99: ՀԱԱ, ֆոնդ 973, ցուցակ 1, գործ 259:
17. Այդպիսի կամ նման պարբերություն գրախոսականում չկա:
18. «Ս. Ա.», Եր., 1962, հուլիս, թ. 7, էջ 45-51:
19. «Նայիրի», Պէյրութ, 1962, 21 Յունուարի, թ. 38, էջ 4-5:
Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011062503
|