Օգոստոսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի գիտագեղարվեստական, երիտասարդական խորհուրդների անդամներին:
Օրերս նրանք նամակով դիմել էին Ազգային ժողովի նախագահին, որում, նկատի ունենալով ասմունքի, հայոց լեզվի եւ գրականության հանդեպ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը` խնդրել էին ընդունել կենտրոնի ներկայացուցիչներին` համատեղ քննարկելու մայրենի լեզվի, հայ գրականության քարոզման միջոցների եւ գործուն մեխանիզմների, համագործակցության մի քանի այլ առաջարկություններ:
Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին նամակին արձագանքելու եւ ընդունելության համար` մտավորականները մանրամասն ներկայացրեցին առաջարկությունները` ակնկալելով ԱԺ նախագահի աջակցությունը: Նրանք բարձր գնահատեցին ԱԺ նախագահի հովանու ներքո ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնների անցկացումը` կարեւորելով հայ գրականությունը եւ հայոց լեզուն քարոզելու անհրաժեշտությունը: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի տնօրեն Նադյա Անտոնյանը ներկայացրեց իրենց առաջարկությունները, որոնք կնպաստեն մայրենի լեզվի դերի բարձրացմանը եւ հայ գրականության տարածմանը: Մասնավորապես, կենտրոնն առաջարկում է ԱԺ նախագահի հովանու ներքո հիմնել հայ գրականության եւ լեզվամշակույթի քարոզման երիտասարդական հատուկ կառույց`«Մաշտոցազանգ» անունով, այդ կառույցի ներուժով իրականացնել«Հայ դասականներ» խորագրով էլեկտրոնային գրադարանի ստեղծման եւ թողարկման ծրագիր, կառույցի մասնակցությամբ հեռուստաեթերով քարոզել հայոց լեզուն եւ արեւելահայ ու արեւմտահայ գրականությունը, ինպես նաեւ առաջարկվում է հեռուստաընկերություններին կից ստեղծել գիտագեղարվեստական խորհուրդներ: Առաջարկներից մեկն էլ վերաբերում է կենտրոնի` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը աջակցելուն, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում:
Հանդիպմանը մասնակից մտավորականները` գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ մյուսները ներկայացրեցին իրենց մտահոգությունները լեզվի եւ գրականության նկատմամբ առկա վերաբերմունքի, հեռուստաեթերի մասին:
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի կողմից լեզվի ու գրականության հանդեպ դրսեւորվող հոգատարության, նվիրվածության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կիսում է մտահոգությունները, համոզմունք հայտնելով, որ ազգն ու երկիրը ներկայացնելու համար մշակույթը հզոր ու հիմնական միջոցն է: Խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց մանրամասն ու լայն քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների ու բարձրացված հարցերի վերաբերյալ եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովում, եւ խորհրդարանում ընդհանրապես:
Հանդիպմանը ներկա ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը գոհունակություն հայտնեց Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ասմունքի հանրապետական մրցույթ -փառատոնի անցկացման առթիվ, որին մասնակցել էր որպես ժյուրիի անդամ, ընդգծելով մասնակիցների ոգեւորությունն ու խանդավառությունը, որին ականատես էր եղել փառատոնի ընթացքում: «Դուք շատ եք նախանձախնդիր, որ ունենանք կրթված սերունդ, դրա համար էլ եկել ենք Ձեզ մոտ»,- դիմելով ԱԺ նախագահին` ասաց պրոֆեսորը: Նրա խոսքով` հայրենասիրություն պիտի կարողանանք ներարկել մայրենի լեզվի ու գրականության միջոցով:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օրենսդրական նախաձեռնության արդյունքում հոգեւոր- մշակութային հեռուստաալիքի եթերից գովազդ չի հեռարձակվում: Նա առաջարկեց, որ խորհրդարանում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի տարեկան հաշվետվությունների ժամանակ ներկա լինեն նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները եւ հնչեցնեն իրենց մտահոգությունները:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց եւս մեկ անգամ հանդիպել սեպտեմբերի սկզբին ` մինչեւ խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը, բարձրացված հարցերը քննարկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եւ հնարավորության սահմաններում լուծում տալ դրանց:
Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/9202.html