Անցած շաբաթ օրը Արթիկ քաղաք և հարակից մի շարք գյուղեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած այցի ժամանակ մի խումբ գյումրեցիներ Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով ցուցապաստառներով դիմավորեցին նրան, ինչպես նաև նույն պահանջով նամակ հանձնեցին վարչապետին: Ցուցապաստառների վրա գրված էին հետևյալ կոչերը. "Վերադարձրեք մեր 4 որմնանկարները" , "Մինասը մեզ, Հասմիկը` Ձեզ":
Վարչապետը Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով իրեն դիմած գյումրեցիներիս խոստացավ քննարկումներ անցկացնել և պատասխանել նախորդ ամիս հազարավոր քաղաքացիների ստորագրություններով իրեն ուղարկված` Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջագրին:
Այնուհետև նույն այցի ընթացքում, Արթիկի մշակույթի տանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նրանցից մեկի` Մինասի որմնանկարները վերադարձնելու խնդրի մասին հարցին պատասխանելով, վարչապետն ասաց, թե ինքը համոզված է, որ հազարավոր գյումրեցիներ էլ համաձայն են որմնանկարները փրկելու նպատակով Երևան տեղափոխմանը:
Մի կողմ թողնենք այն հարցը` իսկ ով ասաց, որ հնարավոր չէր որմնանկարները տեղում փրկել…. Խնդիրն այլ է, հաստատ ինչ-որ մեկը վարչապետին գցել է թյուրիմացության մեջ, երբ հուշել է, թե ինքը հազարավոր համակիրներ ունի Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու հարցում:
Որմնանկարները տեղափոխելուն դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի կողմից արդեն իսկ մեկ ամսվա ընթացքում հավաքվել է մոտ 8 000 ստորագրություն, որից շուրջ 5000-ը "Շիրակ կենտրոն" ՀԿ-ն կից գրությամբ անցած ամիս է վարչապետին ուղարկել, ևս 2106 ստորագրությամբ պահանջագիր էլ այսօր ուղարկվեց: Իսկ հետաքրքիր է` հարգարժան վարչապետը կարող է արդյոք ցույց տալ որմնանկարները տանելուն կողմ գոնե մեկ տասնյակ գյումրեցիների կողմից ստորագրված որևէ գրություն: Հաստատ համոզված եմ, որ չի կարող, պարզապես իրեն ինչ-որ մարդիկ, հավանաբար` մշակույթի նախարարությունից, գցել են թյուրիմացության մեջ: Այնպես որ վարչապետին մնում է մեկ տարբերակ, այն է` որքան հնարավոր է արագ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում և Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնել օրինական տիրոջը` գյումրեցիներին:
Հ.Գ. Ամենևին չէի ցանկանա որմնանկարների հետ կապված այս թնջուկը քաղաքականացնել, բայց մի բան չեմ կարող չասել: Ակնհայտ է, որ գոնե Գյումրիում, hամապետական երկու կարևոր ընտրություններից առաջ, իշխող կուսակցությունը և հատկապես ՀՀ նախագահը լուրջ խնդիրներ են ունենալու` հանրապետության երկրորդ քաղաքի բնակչության մշակութային իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառով: Սակայն նրանց լռությունից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ խնդիրն իրենց բնավ չի հուզում: