Գլխավոր » 2011»Հունիս»23 »
ՀՀԿ-ն Երևանում մշակութային ցեղասպանություն է իրականացնում
15:16
ՀՀԿ-ն Երևանում մշակութային ցեղասպանություն է իրականացնում
Հունիսի 22-ին օրինախախտները կրկին ներխուժել են Վիշապների այգի, որն ամիսներ շարունակ Նոր Նորքի բնակիչների կողմից պաշտպանվում և խնամվում էր և սկսել են ցանկապատել հին վիշապաքարեր ունեցող այգին։ Այն ժամանակին բարեկարգվել է ՀՀԿ կողմից։
Հաշվի առնելով բնակիչների հուսահատ պայքարը նման կերպով ոտնահարելու գործելաոճը, հարուցված քրեական գործի ու դատական հայցի անտեսումը, ինչպես նաև թե տեղական և թե հանրապետական իշխանությունների, ՀՀ մշակույթի և հատկապես բնապահպանության և մյուս նախարարությունների թողտվությունը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը ոչինչ չի մնում, քան հայտարարել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշակութային ցեղասպանության է իրագործում Երևան քաղաքում։
Ոչնչացվում են մշակութային նշանակության բազմաթիվ հանրային տարածքներ, այդ թվում՝ Ուսանողական այգին (Աբովյան փ.), քանդակագործ Չուբարյանի արվեստանոցը (Նալբանդյան փ.), Վիշապների պուրակը (Գայի պող.) և այլ հանրային գոտիներ։ Երևանի ոչնչացված և այժմ ոչնչացվող հանրային տարածքը ետ վերադարձնելու փոխարեն, նոր գլխավոր ճարտարապետի կողմից անիմաստ և թանկարժեք գմբեթներ են նախագծվում Երևանի հրապարակի կենտրոնում, որն էլ ավելի է կաթվածահար անելու մեր քաղաքում մարդու կենսական միջավայրը։
Այս ամենն ուղղված է Հայաստանի քաղաքացու դեմ և հետապնդում է մշակութային շերտերի ոչնչացման նպատակ։ Որպես կառավարող ուժ՝ ՀՀԿ-ն և նրա ղեկավար կազմը ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում Երևանի մշակութային ժառանգության ոչնչացման համար։