Վերջին 30 տարիների ընթացքում մշակութային ժառանգությունը, որի հենասյուներից է հնագիտությունը, գնալով կանգնում է առավել բարդ խնդիրների առջև՝ այս դաշտում հայտնված նոր միջամտողների պատճառով. խնդիրներն այլևս չեն սահմանափակվում շենքերով ու շինություններով և խոսքը վերաբերում է նաև շրջակա միջավայրին ու լանդշաֆտին: Եվ քանի որ հնագիտական գործողությունները նախ և առաջ ենթադրում են ավերում, ուստի այդ ժառանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն թե՜ ներկա և թե՜ ապագա սերունդների կարիքները, պետք է կարողանալ ճիշտ գնահատել սպասվող արդյունքները:
Այս համատեքստում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այս օրերին հնավայրում պեղումներ իրականացնող ֆրանսիական արշավախմբի նախաձեռնությամբ 2011թ. հունիսի 28-29-ին արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում տեղի ունենցան դասախոսություններ՝ նվիրված հնագիտական ժառանգության արդի խնդիրներին Եվրոպայում ու, մասնավորապես, Ֆրանսիայում: Դասախոսություններով հանդես եկան Ստեֆան Դեշամպը (Բրետան) և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիա):
Ներկայացնելով Ֆրանսիայում ներկայումս գործող օրենսդրական շրջանակը և հնագիտական ժառանգության պահպանության մասին Ֆրանսիայի օրենքը՝ Ս. Դեշամպը կարևորեց նաև այս բնագավառում միջազգային համաձայնագրերն ու հանձնարարականները: Մասնավորապես անդրադարձ արվեց 1992 թ. Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված «Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին» Վալետտայի կոնվենցիային, որին Հայաստանը ևս անդամակցում է 2005 թվականից:
Խոսելով հնագիտական ժառանգությանը սպառնացող վտանգների մասին (գյուղատնտեսություն, տուրիզմ, կառուցապատում, տնտեսական ներդրումներ, կառուցապատում և այլն)՝ ֆրանսիացի հնագետները ներկայացրին հնագիտական ժառանգության պահպանության ժամանակակից սկզբունքը՝ «կանխարգելիչ» կամ «նախազգուշական» հնագիտությունը, որի նպատակն է մինչև պեղումներ ձեռնարկելը և կառուցապատման նախագծերի իրականացումը կանխատեսել և խուսափել ավերումից: Եվրոպական շատ երկրներում արդեն կիրառվող «ով փչացնում է՝ նա էլ վճարում է» սկզբունքին ունկնդիրները ծանոթացան բազմաթիվ օրինակներով. ցուցադրվեցին դեպքեր Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Եգիպտոսի մեծ ու փոքր քաղաքների օրինակով: Ս.Դեշամպը մասնավորապես նշեց, թե որքան մեծ է հասարակական գիտակցության դերը հնագիտական ժառանգության պահպանության գործում: Նա նույնիսկ տեսակետ հայտնեց, որ Եվրոպայում շատ դեպերում ի շահ ժառանգության պահպանության առավել արդյունավետ աշխատում է հենց հասարակական կարծիքը՝ ի հակակշիռ օրենսդրական երկարատև ընթացակարգերի:
Հնագիտական ժառանգությունը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով մշակվող հանրահռչակման ծրագրերի մասին խոսեց Ներքին Նորմանդիայի հանգիտական ծառայության ղեկավար Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Մասնավորապես ներկայացվեց օրինակներ քաղաքային միջավայրում հնագիտական մնացորդների արժևորման ֆրանսիական և գերմանական փորձից, որոնք վկայում են քաղաքային միջավայրում հնագիտական մնացորդների պահպանությունը հիպոթեզից առարկայական դառնալու մասին: Սակայն հնագետը նաև ընդգծեց, որ հասարակության համար այցելելի հայտարարված հնավայրը երբեք չպետք է մատչելիության անվան տակ ենթարկվի սպառնալիքների ու վտանգների:
Առանձին դասախոսությամբ ներկայացվեց հնագիտական ժառանգության շերտագրության և թվագրության թեման: Ս.Դեշամպը մասնավորապես մեկնաբանեց 1970-ականներին անգլիացի հնագետ Հարրիսի կողմից մշակված համակարգը՝ հնագիտական նյութերի հաշվառման, քարտագրման և վավերագրման վերաբերյալ:
Դասախոսություններին ներկա էին ժառանգության պահապաններ, երիտասարդ հնագետներ և պատմամշակութային ժառանգության բնագավառում մասնագիտացող բուհ-երի ուսանողներ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24937.html
|