Գլխավոր » 2011»Օգոստոս»19 »
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցուցահանդեսով է նշում երիտասարդության միջազգային օրը (տեսանյութ)
15:25
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցուցահանդեսով է նշում երիտասարդության միջազգային օրը (տեսանյութ)
Օգոստոսի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում բացվել է երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի ժամանակ 15 տաղանդավոր և երիտասարդ հայեր հանրությանն են ներկայացրել իրենց ձեռագործ արվեստը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
Ցուցահանդեսի նպատակն է ողջունել պետության ջանքերը` ուղղված երիտասարդության հիմնահարցերի մասին հասարակական իրազեկության բարձրացմանը` ուշադրության կենտրոնում ունենալով խոցելի և կարիքավոր խմբերի երիտասարդներին:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն նշել է. «ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է կառավարության և հասարակության ջանքերին` նպատակ ունենալով համոզել, որ երեխաների իրավունքները, ներառյալ հատուկ կարիքավոր երեխաներինը, երաշխավորված են: Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում ապրելու, այլ երեխաների կողքին հանրակրթական դպրոցում կրթություն ստանալու և իրենց համայնքային կյանքին մասնակցելու իրավունք»:
Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն ասել է. «Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի աջակցությունն ու լայն հասարակության առջև իրենց արվեստը ցուցադրելու` երեխաներին ընձեռած հնարավորությունը: Այն մեզ բոլորիս կոգևորի և կքաջալերի շարունակել երիտասարդությանը միացյալ ջանքերով հասարակության հիմնական խմբերում ներգրավելու գործը»:
Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և Խարբերդի մասնագիտացված մանկատան կողմից: Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից ստացել է հատուկ գնահատման վկայական և խրախուսական իրեր ՄԱԿ-ի կողմից:
Նշենք, որ «Երիտասարդության» միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է 1999թ. օգոստոսի 12-ից։