Ռաբիզը եւ ռաբիզներին ընդունված է քննադատել: Մինիմում: Հայը իրեն սկսում է մտավորական զգալ, երբ որ բարձրաձայն զատում է իրեն ռաբիզից, հրապարակայնորեն հրաժարվում է ռաբիզ տեսակից, ծիծակ կոշիկից, ռաբիզ երաժշտությունից: Ռաբիզի ժխտումից է սկսվում ինտելեկտուալ վերելքը: Այսինքն, ընդհանուր ռաբիզյան քաղաքակրթությունից, եթե այդպես կարող ենք կոչել այն, ինչը դժվար է վերածվում տեսական սահմանումների, բայց բոլորիս հասկանալի է:
Եվ պարզ է, որ ռաբիզի մարմնավորումը ոչ թե ծիծակ կոշիկներն են կամ շաքարաջրով ամրացրած մազերը, այլ հենց ռաբիզ երաժշտությունը, որը ակունքներով գնում է դեպի ռաբիսը, այն է рабочее искусство, որի մասին շատ քիչ բան է հայտնի: Ինչեւէ, հայ մտավորականը ատում է ռաբիզ երաժշտությունը, ամենուր դրա մասին խոսում է, իսկ հարսանիքներին ստիպված պարում է դրա տակ "հայկական”:
Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նույն վերաբերմունքը ունեի ռաբիզի նկատմամբ: Մինչեւ որ Հայաստանը չհեղեղեց ռուսական շանսոնը (թե ասա, ով է էդպես անվանել "բլատնյակը” եւ հիմա մեկ "շանսոն" բառով նկարագրում է Ազնավուրին, Պիաֆին եւ Беломорканал քրեածին խումբը): Եվ եւս մի երաժշտական ուղղություն, որի անվանումը նույնիսկ չգիտեմ, բայց հեշտ նկարագրելի է եւ ծանոթ. սարսափելի կովկասյան ակցենտով ռուսերեն երգում են "Кайфуем” եւ այլ նմանատիպ բաներ: Անվանենք սա էլ կովկասյան շանսոն:
Այս շանսոնները վերապրելուց հետո, երբ որ անցավ հոգեբանական տրավման, ես հասկացա, որ ռաբիզը իրականում շատ հումանիստական շարժում է, առավել եւս՝ համեմատած երկու տիպի շանսոնների հետ:
Տեսեք, ռուսական շանսոնը գովերգում է եւ հերոսացնում
● բանտախցերում տեղի ունեցող անցուդարձը,
● գողական բարոյատրամաբանությունը
● օրինախախտումները,
● եւ այլ հանցանքները:
Կովկասյան շանսոնը փառաբանում է
● ուտուշ-խմուշը,
● չալաղաջը,
● թեթեւ թմրադեղերը,
● թեթեւաբարո կանանց,
● եւ այլ էպիկուրական խրախճանքները:
Իսկ մեր, հարազատ ռաբիզը երգում է
● եղբայրության,
● ընտանեկան արժեքների,
● ընկերների,
● բարության,
● եւ այլ վեհ եւ բարոյական հանգամանքների մասին:
Բա սրանից հետո ո՞նց չուզենաս, որ ռաբիզի բարոյական պաթոսը հաղթի շանսոնին:
Սամվել Մարտիրոսյան, բլոգեր
ejournal.am
Աղբյուր`http://www.zham.am/index.php?lid=am&pageName=ambeon&id=302991719