Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում, անդրադառնալով վերջին տարիների հայկական էստրադայի ներկայացուցիչներին, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը նկատեց.
«Լավ անուններ շատ կան, օժտված և տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնց ես հաճույքով իմ ժամանակին կընդգրկեի Հայաստանի էստրադային օրկեստրում, բայց նրանց երգացանկի վերաբերյալ լուրջ առարկություններ ունեմ: Այսօր Էստրադային երաժշտությամբ զբաղվում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ դիլետանտները»:
Մաեստրոն փաստում է, որ նույնիսկ մի շարք միջազգային մրցույթների ժամանակ այնպիսի կասկածելի երգացանկով են ներկայանում, որը բացասաբար է անդրադառնում Հայաստանի հեղինակության վրա:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք գո՞հ է այսօրվա էստրադային ժանրում ստեղծագործող կոմպոզիտորների գործերից և այն երաժշտությունից, որ այսօր մատուցվում է հեռուստատեսությամբ, Օրբելյանն արձագանքեց.
«Ռաբիս, ռաբիս, ռաբիս. ամբողջը դա է, միայն տաշի-տուշի է: Նախկինում մարդիկ գալիս էին համերգ լսելու, հիմա գալիս են, որ պարեն-ուրախանան»:
Ավելին, մաեստրոն կարծում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են երաժիշտներ, նախ պետք է երաժշտություն սովորեն, և հիշեցն էում, որ ինքն ու իր սերնդակիցները երկար տարիներ են սովորել, ճանապարհ են անցել՝ մինչև կոչվել են կոմպոզիտոր:
Մեր հարցին՝ արդյ՞ոք նման իրավիճակում արդիական է դառնում հեռուստատեսության վերահսկողությունը և, մաեստրոյի կարծիքով, պե՞տք է այսօր լինի վերահսկողություն հեռուստատեսությամբ մատուցվող երաժշտության նկատմամբ, վերջինս պատասխանեց. «Կարծում եմ՝ պետք է լինի վերահսկողություն: Այսօր հեռուստատեսությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի, և եթե նախկինում միայն հանրապետությունում էին դիտում, այսօր ամբողջ աշխարհում են հետևում այս ամենին»:
Եվ այդ պատճառով էլ Կոնստանտին Օրբելյանն ասում է, որ հիմա հեռուստատեսությունը ավելի պատասխանատու պետք է լինի մատուցվող երգացանկի և կատարողների ընտրության հարցում ու ներկայացնի միայն բարձրորակ երաժշտություն:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24412.html
|