Օրերս Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Dance Theatre of the Motion» խմբի «Ժամանակ» ջազ-պարային ներկայացման պրեմիերան, որի հիմնական գաղափարը ժամանակը ոչ թե լավ, այլ ճիշտ տնօրինելն էր: Ներկայացման գաղափարական լուծումներն արված էին երաժշտական ժանրային փոփոխություններով եւ պարաոճերի համադրությամբ: Խմբի հիմնադիր Արշավիր Մուրադյանի հետ զրույցում պարզվեց՝ խումբը ստեղծվել է 2 տարի առաջ, սակայն, «ARMA DANCE» ստուդիան, որին կցված է այս պարային թատրոն-խումբը, 10 տարի է՝ գործում է եւ դասավանդվում են տարբեր պարաոճեր: Ա. Մուրադյանը, լինելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պարային բաժնի շրջանավարտ եւ միջազգային կարգի մրցավար, պարի մեջ կարեւորում է ֆիզիկական դաստիարակության տեսությունը, ձգողականության ուժը, հավասարակշռությունը: Նա հավաստիացնում է, որ պարն ու ֆիզիկան սինթեզված են. եթե ֆիզիկա գիտես, պարել հաստատ կկարողանաս: Նա պնդում է, որ ոտքերով չեն պարում, այլ հոգով. «Կարեւոր է՝ դու զգո՞ւմ ես, թե՝ ոչ: Հնարավոր է արտակարգ պարող լինես, բայց ոչ մի բան չզգաս, շունչդ չլինելու դեպքում կստանաս մաքուր պար, լաց չես լինի, չես ուրախանա, չես բարկանա, էմոցիա չի լինի»: Իր համար մշակած տեսություններով Մուրադյանը դուրս է քարացած կանոններից. «Չեմ հասկանում պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ տարբերակումը: Պրոֆեսիոնալի մեջ կան քարացած կանոններ, որոնցից շատ դժվար է դուրս գալը: Բրեյկ դանս, քանթեմփրի, ջազ. ինձ համար դժվար չէ պարաոճերն ու երաժշտական ժանրերն իրար հետ համադրելը, ո՞վ ասաց, որ բրեյկ դանսը պետք է պարել արագ: Պարը պարից տարբերվում է պլաստիկայով, ինձ համար չկան քարացած կանոններ, օրինակ՝ այս ներկայացման մեջ բրեյք դանսը բեմադրել էի ջազ երաժշտության հետ համադրելով: Այս ամենը տեսնում եմ եւ զգում եմ, իսկ ներկայացնելու համար պետք է «ականջ» ունեցող եւ «զգացող»; պարող»: Ներկայացման մեջ, որի հիմքում ընկած էր «Deep Purple» խմբի «Child in time» երգը, պարային կատարումներից բացի, կային էկրանին ցուցադրվող տեսասյուժեներ, որոնք պատմում էին ժամանակի մեջ մարդու կենցաղը՝ իր ապրումներով: Ամեն ինչ անցողիկ է՝ ասում է բեմադրիչը. «Եղեք բարի, սա էր ներկայացման հիմնական գաղափարը... Երբ ասում եմ՝ պետք է իրար սիրենք, չի նշանակում, որ ծեծված խոսք եմ ասում, ամեն ինչ սկսվում է սիրուց, ժամանակն անցնում է, արածդ մնում է»: Այն հարցին, թե ներկայացումն ի՞նչ տվեց եւ ո՞վ էր հանդիսատեսը, բեմադրիչը պատասխանեց. «Մեր ծնողները, ստուդիայի սաները, մարդիկ, ում հետաքրքիր էր այս ամենը: Շատերին էի հրավիրել, բայց չէին եկել, նրանց չի հետաքրքրել, ինչպես նաեւ մշակույթի նախարարությանը: Մեր իրականության մեջ ներկայանալը շատ դժվար է, մանավանդ, եթե նոր անուն ես: Քանի որ ներկայացումն իրականացվել է իմ ու իմ ընկերների ուժերով, ես ֆինանսական աջակցությունը նկատի ունեմ, մեծ բեմ հանելը շատ դժվար կլինի, բայց հավատում եմ, որ բարի մարդիկ կգտնվեն: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչքան դժվար է մեկ հոգով այս ամենն անել»: Մասնագետների կարծիքով՝ ներկայացումն իսկապես նորություն էր իր ժանրային մեկնաբանություններով ու լուծումներով եւ որի կարիքը կար, այսպես մեկնաբանեց «Երեւան» պարային ստուդիայի ղեկավար, միջազգային կարգի մրցավար Արթուր Զաքարյանը: ՄԱՐԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95022/view
|