Անդրադառնալով Radi Jazz-ի փակման լուրերին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Արմեն Թութունջյանն (Չիկո) ասաց հետևյալը. «Իհարկե, շատ ցավալի է, որ մեր քաղաքը այլևս (կամ ժամանակավոր) կզրկվի ջազ Radio FM-ից: Չէ՞ որ մի քաղաք, որն ունի բարձր երաժշտական մշակույթ, անպայման պետք է ունենա այն մշտապես, այլ ոչ թե 5 տարվա ընթացքում: Եվ ես համոզված եմ, որ դա ոչ մասնավոր մարդկանց խնդիրն է, այլ պետական աջակցության կարիք ունեցող խնդիրներից մեկն է: Կասեի ավելին, թեև ջազն ինձ ավելի շատ է հուզում, բայց պետք է ունենալ այլ ժանրերի բարձրորակ երաժշտություն քարոզող ռադիոկայաններ՝ լինի հայկական կամ դասական:
Հույս եմ հայտնում, որ մարդիկ, ում ջանքերով 5 տարի առաջ բացվեց այդ ալիքը, կմնան նվիրված այդ գաղափարին, և ջազային երաժշտությունը ինչ-որ մի ձևով կմնա մեր ռադիոեթերում: Չէ՞ որ քաղաքը ջազ էր լսում և կուզենա էլի լսել»:
Նրա խոսքով՝ ցավոք, վերջին 20 տարում երաժշտությունը խլեցին ժողովրդի ձեռքից, դրա փոխարեն տվեցին ցածրորակ երաժշտություն, որը լցվում է մարդկանց ականջները: Երաժշտական դպրոցների քանակը եռակի պակասել է:
«Բարձրակարգ երաժշտություն համարյա չի հնչում: Հնչում է զզվելի, էժանագին ու անորակ երաժշտություն», -ասաց անվանի ջազմենը:
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին էլ կար ցածրորակ երաժշտություն, բայց այն տարիներին պետականորեն արգելում էր դրա մուտքը եթեր, իսկ հիմա երաժշտությունը դարձել է «ռեյտինգային»:
«Ամբողջ հեռուստաեթերը ղեկավարվում է «ռեյտինգ» հասկացությամբ ու ասում են՝ իբր ժողովուրդն է դա պահանջում: Դա չէ ժողովրդի մակարդակը: Ժողովուրդը դա չի ուզում, ուղղակի ժողովրդին գցել են այդ ընտրության մեջ՝ վատից մի քիչ լավը, ամենավատից մի քիչ վատը: Մարդիկ զրկվել են ընտրության հնարավորությունից»,- ասաց Ա. Թութունջյանը:
Լուսանկարը` Bravo.am-ի
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30373.html
|