Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
Կարլա Կարապետյանի և Հակոբ Կուտսուզյանի ֆիլմերը կցուցադրվեն Ֆրեզնոյի հեռուստաալիքով
15:25
Կարլա Կարապետյանի և Հակոբ Կուտսուզյանի ֆիլմերը կցուցադրվեն Ֆրեզնոյի հեռուստաալիքով
Օգոստոսի 9-ին և 12-ին Ֆրեզնոյի հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվելու են հայ կինոռեժիսորների ֆիլմերը: Առաջին օրը կցուցադրվեն կանադահայ կինոռեժիսոր Հակոբ Կուտսուզյանի «Հայ տարագիրը» և «Հայ աշուղներ», իսկ երկրորդ օրը` Կարլա Կարապետյանի «Screamers» ֆիլմը, հաղորդում է ԱՄՆ-ի Մասիս շաբաթաթերթը:
1991 թ. և Հայաստանի անկախությունը նոր սկզբի խթան դարձավ Կուտսուզյանի համար: Նա ստանձնեց իր կյանքի ամենակարևոր ոդիսականը` առնչվել նախնիների առասպելական երկրին` ի որոնումն սեփական արմատների: «Հայ տարագիրը» ճանապարհորդություն է Կուտսուզյանի հետ` Հայաստանի հետ առաջին հանդիպմանն ընդառաջ, իր մոռացված ու երբեմն էլ անտեսված ինքնության հետ վերջնականապես միավորվելու փնտրտուք:
«Հայ աշուղներ» ֆիլմը պատմում է «Սայաթ-Նովա» աշուղական համույթի և այն աշուղների մասին, ում երգերը կատարում է համույթը:
Կարլա Կարապետյանի «Screamers» ֆիլմը պատմում է "System Of A Down” խմբի մասին, ովքեր արվեստի միջոցով փորձում են ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ի Business Wire լրատվական ծառայության մեկնաբանները Կարլա Կարապետյանի ֆիլմը այսպես են մեկնաբանել. - «Կ.Կարապետյանի ֆիլմը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության պատճառները, շարժառիթները` ներկայացվում է մարդկային ողբերգության վավերագրությունը` Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ եւ այսօր դեռեւս շարունակվող մարդկային աղետը Դարֆուրում»: