Ամերիկաբնակ գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը՝ իր անցած ուղու մասին
90-ականներին որոշ արվեստագետների եւ տաղանդավոր մարդկանց թվում ինչ-ինչ պատճառներով օտար ափերում հայտնվեց նաեւ ճանաչված գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը: Ամերիկաբնակ արվեստագետը այժմ Հայաստանում է:
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարչի ծննդյան 80 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդեսը:
Նախքան բացումը՝ «Առավոտը» հանդիպեց գեղանկարչին:
Ռ. Աթոյանն ասաց, որ ի սկզբանե ցուցահանդեսի ծրագիր չի ունեցել. «Նախաձեռնությունը այստեղ բնակվող աղջկաս է պատկանում: Նա ինձ ստիպեց, որ 80-ամյակիս հետ կապված իմ հայրենիքում անհատական ցուցահանդես ունենամ, ինչի համար ԱՄՆ-ից հետս բերեցի 40 կտավ: Գալուս նպատակը այլ էր՝ ուզում էի գնալ Արեւմտյան Հայաստան ու չգնացի: Ընկերներիցս մեկը, որ սասունցի է, ինձ մտքափոխ արեց. պիտի գնամ եւ իմ հայրական տանը թուրք ու քուրդ նստած տեսնեմ, վիրավորվեմ...»: Գեղանկարիչը ծնունդով Գյումրիից է, նախկին Ղազարապատ, ներկայիս Իսահակյան գյուղից: Պատմում է, որ իր պապի անունն էլ է Ավետիք եղել, ինչպես Վարպետինը, հարեւանությամբ են ապրել: Երբ Ավետիք Իսահակյանին ձերբակալել են՝ նրա արխիվը գեղանկարչի պապն է պահել:
Ինչ վերաբերում է իր նկարիչ դառնալու ցանկությանը, այն երբեք ծնողների կողմից չի խրախուսվել, ինքն էլ սկսել է քարտեզ նկարելուց:
Ռ. Աթոյանը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում եւ այլուր:
Իսկ ԱՄՆ «ընկել» է ընտանեկան պայմաններից ելնելով: Ասում է.«Այստեղ մնացել էի մենակ կնոջս հետ: Երեխաներս, թոռներս կանչեցին: Արդեն 16 տարի է՝ Ֆրեզնոյում եմ ապրում՝ Վիլյամ Սարոյանի քաղաքում»: Իր՝ նկարչի կերպարի մասին Ռ. Աթոյանը չի սիրում շատ խոսել: Միայն նշում է, որ կարոտ է նկարում. «Ես հեռու եմ իմ հայրենիքից, բայց սիրտս այստեղ է: Կարոտում եմ ամեն ինչը՝ հողը, օդը, բնությունը, գործերս էլ այս կամ այն կերպ Հայաստանին են առնչվում»: Նկարիչը հպարտությամբ պատմեց նաեւ, որ ողջ Սովետական միությունում միակ պետական մրցանակակիրն է եղել. «Դա ՀԱՄԽ-ի ծրագիրն էր՝ մրցույթ արվեստի տարբեր ճյուղերի՝ գրողների, նկարիչների, ժուռնալիստների միջեւ: Հայաստանից միայն մեկը պետք է ընտրվեր ու մեկներ Մոսկվա: Ես ընտրվեցի: Ողջ Սովետական միությունից 100-ից ավելի մասնակիցներ կային, որոնցից ընտրվեցին 10 լավագույնները: Իսկ այդ 10-ից էլ ես դարձա ՀԱՄԽ-ի մրցանակակիր»:
Նկարչի կարծիքը երիտասարդ արվեստագետների մասին այսպիսին է. «Հայ երիտասարդների միտքը զիլ է, բայց ցավն այն է, որ մեզ պես ակտիվ չեն: Ասես արյուննները չի եռում երակներում: Դրսի արվեստն էլ իմ գիտակցությանը հասու չէ: Չեմ հավանում ու հասկանում: Այնտեղ ավարտում են համալսարանները, համարվում պրոֆեսիոնալ նկարիչներ, բայց տարրական քիթ, ականջ նկարել չգիտեն...»:
Ռ. Աթոյանը, բացի նկարելուց, նաեւ նկարահանվել է Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում, այն էլ գլխավոր հերոսին՝ Առաքելին է մարմնավորել. «Դերասանների հետ սիրել եմ ընկերություն անել: Վարդան Աճեմյանը միշտ ուզում էր ինձ թատրոն տանել, բայց հրաժարվում էի: Ֆրունզիկ Դովլաթյանին հաջողվեց ինձ համոզել եւ 1986-ին «Մենավոր ընկուզենի» ֆիլմի մի էպիզոդում նկարվեցի: Երեւի դուրը եկավ խաղս: 88-ին «Կարոտ» ֆիլմում ինձ գլխավոր՝ Առաքելի դերը տվեց: Երեւի ուզում էր ինձ դերասան դարձնել, բայց ախր ես նկարիչ եմ ծնվել: Ու եթե երկրորդ կյանքի հնարավորություն ունենայի, էլի վրձինը կվերցնեի ձեռքս»:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/94620/view
|