Օգոստոսի 12-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի «Եղբայրություն» հայ համայնքի «Արմենիա» պարի «Ժողովրդական» համույթի համերգը: ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված շուրջ երկու ժամ տևած համերգն ընթացավ հանդեսի ջերմ ծափողջյունների ներքո:
Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի գործիչներ, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները և այլք:
2000թ. Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Կրասնոյարսկում ստեղծված համույթը սկզբնական շրջանում կազմված էր հիմնականում աղջիկներից: Տարեցտարի, սակայն, համույթի անդամների թիվն աճում է, պարային համարներն` ավելանում: Վերջին տարիներին բեմադրվել են նոր ստեղծագործություններ նաև տղամարդկանց մասնակցությամբ:
Հանդիսատեսի համակրանքին արժանացած «Արմենիա» պարի «Ժողովրդական» համույթն արդեն համերգներով հանդես է եկել ՌԴ տարբեր քաղաքներում: 10-ամյա գործունեության ընթացքում համույթն արժանացել է 70-ից ավելի պարգևների: Այսօր «Արմենիա»-ի պարացանկում կա 24 համար: Համույթի այցեքարտն է դարձել շարժումներով հարուստ և խորիմաստ «Արցախ» պարը: «Արմենիա» համույթը Հայրենիքում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում:
2010թ. հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը և նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանը Կրասնոյարսկում մասնակցեցին «Արմենիա» պարային համույթի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարը «Արմենիա» համույթի գեղարվեստական ղեկավար Ռ.Ասատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: Հաղորդում են Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից: