Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» Հասարակական կազմակերպությունը «Միջազգային ակումբ» ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացրել է «Լեհական միջոցառում», որի նպատակն է ներկայացնել Լեհաստանը՝ իր հարուստ պատմությամբ, մշակույթով եւ խոհանոցով:
Գյումրեցի երիտասարդները միջոցառմանը ներկայացրել են իրենց կողմից պատրաստած կերակրատեսակներ ու թխվածքներ՝ լեհ խոհարարների բաղադրատոմսով, պարել են լեհական պարեր, կատարել Լեհաստանի օրհներգը: Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում գյումրեցի երիտասարդները պատրաստվում են ներկայացնել տարբեր երկրների ազգային առանձնահատկությունները: Առաջին հերթին նրանք անդրադարձել են Հայաստանին:
Այդ գործում ակտիվ մասնակցությունն են ունեցել լեհ կամավորները, այդ պատճառով էլ կազմակերպությունը որպես երկրորդ երկիր ընտրել էր Լեհաստանը: Գյումրեցի երիտասարդները ներկայացրել են երկու երկրների ու ժողովուրդների ընդհանրություններն ու տարբերությունները: