Երեւանում դեկտեմբերի 3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին, որին կմասնակցի 16 հոգի, այդ թվում` խմբեր, անհատ կատարողներ եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանկական Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Մրցույթին մասնակցելու համար հանձնաժողովը ստացել է 135 հայտ: «Շատ բարդ նախընտրական մրցույթ են անցել, որովհետեւ ընտրել ենք միայն լավագույններին: Եթե նախորդ տարիներին եղել են մի քանի փուլեր եւ ավելի շատ մարդիկ են հնարավորություն ունեցել մասնակցելու, այս անգամ մի փուլ էր:
Շատ ուրախ, պայծառ եւ մանկական երգեր են ներկայացված»,- ասաց Գոհար Գասպարյանը` հավելելով, որ այդ օրը հետաքրքիր շոու է լինելու, ներկա են լինելու նաեւ նախորդ տարիներին Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրած մասնակիցները: Ի դեպ, քվերակությանը կկարողանա մասնակցել նաեւ հանդիսատեսը` sms հաղորդագրությունների միջոցով:
Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար արդեն դիմել է13 երկիր, հնարավոր է` այդ թիվը ավելանա մինչեւ օգոստոսի վերջ: Թուրքիան եւ Ադրբեջանը առայժմ հայտ չեն ներկայացրել: Գոհար Գասպարյանի խոսքով` 1-1,5 ամսից պարզ կլինի, թե ով կվարի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը: Ի դեպ, հուլիսի 21-ին կայացած ասուլիսում հայտնել էին, որ մրցույթը վարելու մի քանի թեկնածուներ, օրինակ` Գարիկ Մարտիրոսյան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը գրավել էր առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով: «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում:
Աղբյուր`http://news.am/arm/news/71752.html
|