Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
Մայրաքաղաքի կամուրջներն ու հուշարձանները շուտով նորովի կներկայանա
13:36
Մայրաքաղաքի կամուրջներն ու հուշարձանները շուտով նորովի կներկայանա
Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երևան քաղաքի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման, այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության բեռնաթափման խնդիրներին, Երևանի քաղաքապետի կողմից խիստ վերահսկողության պահանջ է դրվել, որպեսզի մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառումը: Հանձնարարվել է ուսումնասիրել և, նպատակահարմարության դեպքում, առաջարկություն ներկայացնել շինանյութ մատակարարող փոխադրամիջոցների համար համապատասխան ժամանակացույց սահմանելու վերաբերյալ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և խաչմերուկներում երթևեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթևեկության կարգավորման առումով:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցը: Գույքագրման արդյունքում հայտնաբերված 585 այրված լամպերից 267-ն արդեն փոխարինվել է նորերով: Առաջիկայում կվերականգնվեն նաև մնացած բոլոր լուսատուները:
Զեկուցվել է, որ քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Սկսվել են նաև հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:
Բարեկարգման ծրագրերի մասով քաղաքապետը նաև հանձնարարել է հետևողականորեն վերահսկել տնտեսվարողների կողմից բարեկարգման պարտադիր նորմերի պահպանմանը և իրենց վարձակալած տարածքների հարակից հատվածների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքը. «Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում և ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով օրական առնվազն երկու անգամ ջրվում են ջրցան մեքենաներով:
Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում կազմակերպել հեղեղատարները կարգի բերելու աշխատանքները, որպեսզի անձրևային եղանակներին ծառացած խնդիրներն այլևս չկրկնվեն:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: